Իսրայելն ու «Համաս»-ը հրադադար հաստատեցին

Իսրայել - Հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը չեզոքացնում է Գազայի հատվածից արձակված հրթիռները, Աշկելոն, 20-ը մայիսի, 2021թ․

Իսրայելի և պաղեստինյան «Համաս» խմբավորման միջև հրադադարը գիշերը ժամը 2-ին ուժի մեջ է մտել:

Հրադադարը ձեռք է բերվել 11-օր տևած ռազմական գործողություններից հետո:

Հակամարտության կողմերի միջև ինտենսիվ հրթիռային հարվածները շարունակվել են մինչև վերջին պահը։ Հրադադարի ուժի մեջ մտնելուց 12 րոպե առաջ իսրայելական բանակը հաղորդեց հարավային շրջանների նոր գնդակոծությունների մասին:

Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը պաղեստինցիների շրջանում հասել է 232-ի, 1900 մարդ վիրավորվել է: Ընդհանուր առմամբ, պաղեստինյան տարածքներում, այդ թվում՝ Հորդանան գետի ափին, հակամարտության զոհ է դարձել 260 մարդ: Իսրայելական կողմից զոհվել է առնվազն 12 մարդ:

Իսրայելի կառավարությունը երեկ ուշ երեկոյան հայտարարեց, թե պաղեստինյան «Համաս» խմբավորման դեմ կրակը դադարեցնելու որոշում է ընդունել։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուի կաբինետի անդամները համաձայնել են ընդունել Եգիպտոսի միջնորդությամբ ներկայացված առաջարկը առանց նախապայմանների կողմերի միջև կրակը դադարեցնելու մասին։

Վերջին 7 տարվա ընթացքում սրանք իսրայելա-պաղեստինյան ամենալուրջ բախումներն էին։

Տե՛ս նաև այստեղ