Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
ժամը 15.00-ի սահմաններում, ըստ հայկական կողմի, մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։
«Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են», - ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին։
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»։
Կողմերի միջև բանակցություններ են ընթանում, որոնց հերթական փուլը նախատեսված էր մայիսի 19-ին, սակայն Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։