Փաշինյանը հայտարարում է՝ փաստաթուղթը ստորագրելու է. ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ

«Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», - այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այսպիսով՝ ըստ էության հաստատելով, որ ադրբեջանական կողմի հետ նախապատրաստվում է նոր փաստաթղթի ստորագրում։

Փաշինյանն այս մասին խոսեց միայն այն բանից հետո, երբ երեկ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր էջում հրապարակեց մասնակիորեն գաղտնազերծված մի փաստաթղթի աշխատանքային տարբերակ, որը նրա բնորոշմամբ Հայաստանի համար աղետալի հետևանք ունի, իսկ ըստ Փաշինյանի՝ 100 տոկոս համապատասխանում է Հայաստանի շահերին:

«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, 100 տոկոսով, ոչ թե 99,9: Եվ, այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածությունները իրագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», - հայտարարել է Փաշինյանը:

Խորհրդարանական կառավարման երկրի իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հայտարարում են՝ իրենք այդ փաստաթղթի և դրա բովանդակության մասին տեղեկություններ մինչ արտահոսքը չունեն։

Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստովանեց՝ կառավարության նիստից է տեղեկացել փաստաթղթի մասին. «Փաստաթղթի մասին տեղյակ չեմ, պետք է ծանոթանամ, ինչ որ ձեզ հետաքրքրում է, դրա համար ինձ ժամանակ է պետք»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԲՀԿ-ի հետ արտահերթ նիստ նախաձեռնեց։ Ասում են՝ ուղերձը հետևյալն է՝ ցանկացած փաստաթուղթ պետք է վավերացվի խորհրդարանում:

«Մենք հենց հիմա կազմում ենք հայտարարության տեքստ, որը հիմք է տալու արտահերթ նիստ գումարելու համար: Հայտարարության տեքստի բովանդակությունը, մոտավորապես կարող եմ ասել՝ հետևյալն է լինելու, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում պետք է նշված փաստաթուղթը վավերացվի Հայաստանի Հանրապետության խորհրդարանում: Երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ոչ խորհրդարանի պատգամավորները, ոչ էլ, կարծում եմ, կառավարության անդամների մեծ մասը», - ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ավելի ուշ փաստաթղթի բովանդակության մասին փակագծեր բացեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ասաց՝ իր տեղեկություններով, ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծել, քննարկելու դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցեր:

«Ռուսական կողմը Հայաստանի Հանրապետությանը առաջարկ է ներկայացրել՝ ստեղծելու համատեղ հանձնաժողով, քննարկելու դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցեր: Իմ ունենցած տեղեկությամբ՝ հայկական կողմն արձագանքել է, որ ցանկացած հարց՝ աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկման հնարավորություն կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի զինված ուժերն ամբողջությամբ լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը», - նշեց Լիլիթ Մակունցը:

Մակունցն ասում է՝ իր տեղեկություններով փաստաթղթում ոչինչ չկա Տավուշի մարզի հինգ և Արարատի մարզի մեկ գյուղի Ադրբեջանին հանձնելու կամ փոխանակելու վերաբերյալ։

Տարածելով, ենթադրաբար, ստորագրվելիք փաստաթղթի մասնակի գաղտնազերծված հատվածը՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը պնդել էր, թե արտգործնախարարը դեմ է հանդես եկել դրան։ Ուշագրավ է, որ այսօր էլ կառավարության նիստին Արտգործնախարարությունից որևէ ներկայացուցիչ չկար, ինչը Փաշինյանը բացատրեց նրանց զբաղվածությամբ։

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանեց, որ արտաքին գերատեսչության պատվիրակությունը Դուշանբեից Երևան վերադառնալու ճանապարհին է: Իսկ փաստաթղթին վերաբերող մյուս բոլոր հարցերին գերատեսչությունից մեկ պատասխան ունեին. «Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար»:

Ավելի ուշ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը Սյունիքում պատասխանելով լրագրողների հարցն, ասաց, որ ինքը ստորագրվելիք փաստաթղթից տեղյակ չէ. «Առավոտվա ժամը 7-ից ճանապարհի մեջ ենք և այդ փաստաթղթից իսկապես կա, թե չկա գաղափար չունեմ: Ասում եմ անկեղծ այն, ինչ որ կա, այսինքն փաստաթղթի մասին հետագա հարցերից կխնդրեի խուսափել»:

Այդուհանդերձ պարզ չէ՝ արդոյք արտգործնախարար Արա Այվազյանը ևս տեղյակ չի՞ եղել քննարկվող փաստաթղթից:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ ևս հայտարարություն են տարածել՝ նշելով, որ կառավարությունը պետք է հրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի նախագիծը: