Իսրայելա-պաղեստինյան հակամարտության ֆոնին խորանում է լարվածությունը թուրք-ամերիկյան հարաբերություններում

Իսրայելա-պաղեստինյան պատերազմի ֆոնին խորանում է լարվածությունը դաշնակիցներ Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններում: Վաշինգտոնը հատուկ հայտարարությամբ դատապարտել է Իսրայելի հասցեին Թուրքիայի նախագահի հայտարարությունները՝ դրանք որակելով հակասեմական, որոնք կարող են նոր բռնություններ հրահրել։

ԱՄՆ պետքարտուղարությունը չի հստակեցնում, թե Էրդողանի հատկապես որ ձևակերպումները նկատի ունի՝ նշելով միայն, որ հրեա ժողովրդի հասցեին Թուրքիայի առաջնորդի վերջին մեկնաբանությունները հակասեմական են։

«Մենք համառորեն կոչ ենք անում նախագահ Էրդողանին և մյուս թուրք առաջնորդներին ձեռնպահ մնալ տարաձայնություններ հրահրելուց, որոնք կարող են հետագա բռնությունների հանգեցնել», - ասվում է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում։

Միացյալ Նահանգներում իշխող վարչակազմի փոփոխությունից ի վեր թուրք-ամերիկյան հարաբերություններում մինչ այդ էլ առկա լարվածությունը էլ ավելի է խորանում։ Միջազգային բազմաթիվ հարցերում տրամագծորեն հակառակ դիրքորոշումներն ունեցող ՆԱՏՕ-ի կազմում դաշնակից երկրների միջև ևս մեկ տարաձայնության պատճառ ավելացավ՝ շուրջ երկու շաբաթ շարունակվող իսրայելա-պաղեստինյան արյունալի պատերազմը։

Անցած օրերին, վերահաստատելով Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին, Էրդողանը հակամարտության մյուս կողմին՝ Իսրայելին, անվանել է «ահաբեկչական պետություն», որը «հատել է բոլոր սահմանները»։ Իր հրապարակային ելույթներում դիվանագիտական բառապաշարը հաճախ շրջանցող և աղմկահարույց հայտարարություններով հայտնի Թուրքիայի առաջնորդը, սակայն, նման կոշտ ձևակերպում առաջին անգամ է օգտագործում․ մինչ Իսրայելի դաշնակիցները հորդորում էին ձեռնպահ մնալ նման ծանր և անընդունելի արտահայտություններից, Էրդողանը շարունակում էր Իսրայելի հասցեին խոսելիս ավելացնել «ահաբեկչական պետություն» բառակապակցությունը։ «Ահաբեկչական պետություն Իսրայելը անողոքաբար հարձակվում է Երուսաղեմի մահմեդականների վրա» ,- անցած օրերին հայտարարել էր Թուրքիայի նախագահը։

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ հեռախոսազրույցի ընթացքում էլ Էրդողանը խոստացել է «անել հնարավորը վերջ դնելու Իսրայելի ահաբեկչությանն ու օկուպացիային»։

Ենթադրաբար այս հայտարարությունները դատապարտող Վաշինգտոնին ուղղված պաշտոնական Անկարայի արձագանքը չուշացավ։ Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունը ի պատասխան Վաշինգտոնին կոչ է արել «նախագահ Էրդողանի դեմ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն վերջ տալ քաղաքացիական բնակչության դեմ Իսրայելի հարձակումներին»։ «Ամբողջությամբ հերքում ենք մեր նախագահի հասցեին հնչեցված մեղադրանքները։ Կոչ ենք անում ամերիկյան վարչակազմին մեր առաջնորդների դեմ անհիմն ու անարդար մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն փորձել կանգնեցնել քաղաքացիական բնակչության դեմ Իսրայելի կողմից ձեռնարկվող հարձակումները», - ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։

Ռեջեփ Էրդողանը, սակայն, վերջին օրերին ոչ միայն Իսրայելին, այլ վերջինիս դաշնակիցների հասցեին է մեղադրանքների տարափ հնչեցրել։ Նախ ԱՄՆ-ին է քննադատել՝ հայտարարելով, թե զենք վաճառելով Իսրայելին, չդատապարտելով այդ երկրի գործողությունները Մերձավոր Արևելքում և չսատարելով պաղեստինցիներին, Ամերիկան հանցակից է դառնում: Ապա նաև Ավստրիայի իշխանություններին անիծել այդ երկրի կառավարական շենքերի վրա Իսրայելի դրոշի բարձրացման պատճառով։

«Անիծում եմ ավստրիական կառավարությանը, որն իսրայելական դրոշը կախել է կանցլերի նստավայրի վրա։ Սեփական պետական շենքերի վրա ահաբեկչական պետության դրոշը կախելը նշանակում է նույնականացնել ինքդ քեզ ահաբեկչության հետ», - ասել էր Էրդողանը։

Մինչ այդ արյունահեղությունը մերձավորարևելյան տարածաշրջանում չի դադարում։ Իսրայելի ռազմաօդային ուժերն անցած գիշեր նոր հարվածներ են հասցրել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը արդեն հասել է 219-ի։ Իսրայելի ռազմական գերատեսչության տվյալներով՝ ռազմական օդանավերը 40-ից ավելի թիրախներ են խոցել՝ հիմնականում «Համաս» շարժմանը պատկանող ստորգետնյա օբյեկտներ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, «Համաս»-ի զինյալներն ավելի քան հինգ տասնյակ հրթիռներ են արձակել Իսրայելի կենտրոնական շրջանների ուղղությամբ, այստեղ պատերազմի վերսկսումից ի վեր սպանվել է 12 մարդ։