Բախումները Գազայի հատվածում շարունակվում են

Իսրայելի ռազմաօդային ուժերն անցած գիշեր նոր հարվածներ են հասցրել Գազայի հատվածում, մասնավորաբար՝ Խան-Յունիս և Ռաֆահ բնակավայրերի մերձակայքում։ Այս մասին Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է այսօր առավոտյան՝ Twitter-ի պաշտոնական օգտահաշվում։

Իսրայելի ռազմական գերատեսչության տեղեկություններով՝ ռազմական օդանավերը 40-ից ավելի թիրախներ են խոցել՝ հիմնականում «Համաս» շարժմանը պատկանող ստորգետնյա օբյեկտներ։

«Օդային հարվածները ընդհանուր առմամբ շարունակվել են շուրջ 25 րոպե, դրանց ընթացքում բարձր ճշգրտության 120 հրթիռ է արձակվել», - հաղորդում է Իսրայելի բանակը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, «Համաս»-ի զինյալներն ավելի քան հինգ տասնյակ հրթիռներ են արձակել Իսրայելի կենտրոնական շրջանների ուղղությամբ։ «Այդ հրթիռներից տասը, սակայն, պայթել են հենց Գազայի հատվածի տարածքում», - պնդում են իսրայելցի զինվորականները։

.