Արցախի Հայկավան գյուղից՝ վագոն-տնակ. 7 երեխա ունեցող ընտանիքում տուն ունենալը երազանք է

Տաթևիկը հիմա Արարատի մարզի Արբաթ գյուղի դպրոցում է սովորում ու շարունակում պատասխանել հարցերի, որ վերաբերում են իր ծննդավայրին. Ջաբրայիլի Հայկավան գյուղում էր ապրում: Այնտեղի դասարանում մի քանի հոգով էին, Արբաթում աշակերտները շատ են, Տաթևն օրվա հուգակապը հատուկ պլանավորում է. «Այսօր դերյայով գնացի, վաղն էլ յուբկով կեթամ»:

Տաթևը 6 քույր ու եղբայր ունի, պատերազմից հետո բոլորով ու նաև տատիկի հետ տեղավորվել են ազգականներից մեկի վագոն-տնակում: Ով որտե՞ղ է քնում. «Տատիկը էնտեղ, ախպերս ստեղ, մամայենք էնտեղ, ես էլ ստեղ»:

Մամայենք ընդարձակ հասկացություն է. մահճակալին քնում է Աստղիկն իր 5 աղջիկների հետ: Աստղիկ Ենգոյանն ընդամենը 28 տարեկան է, Ջաբրայիլի Հայկավան գյուղ մորաքրոջը հյուր էր գնացել: Հմայակ Արշակյանը փախցրեց, ամուսնացավ: Նրա 7 երեխաներից 6-ը Հայկավանում են ծնվել, միայն փոքրը պատերազմից հետո` նոյեմբերին Հայաստանում: Արշակյանները Հայկավանի առաջին վերաբնակիչներն էին, ադրբեջանցիներով բնակեցված Սիրիկքենդը 90-ականներից դարձավ հայկական` Հադրութի շրջանի Հայկավան գյուղ:

Աստղի սկեսուրը` տիկին Սոֆիկն իր 4 մանկահասակ երեխաների ու ամուսնու հետ շտապել էր նոր կյանք սկսելու: Նրա բոլոր` 22 թոռներն այդ գյուղում են ծնվել: Ամեն ինչ լավ էր, ասում է, մինչև պատերազմը. «Տղես որ զանգեց, ասաց` ուժեղ կռիվ ա լինելու, մեծ տղես երեխեքին սաղ հավաքեց, լցեց Ֆորդը, 17 անձով նստել ենք, եկել ենք»:

Որդին Ջաբրայիլի զորամասում էր պայմանագրային զինծառայող: Երեխաներն ու կանայք գյուղից դուրս եկան, Ռուբեն Արշակյանը զոհվեց հոկտեմբերի վերջին Կարմիր շուկայում. «Красный базар-ի մոտ օգնել ա վիրավոր տղերքին, զինվորներին, լցրել ա Скорый-ն, երկրորդն ուզեցել ա ինքը շարժվի, խփել ա Беспилотник-ը, տենց զոհվել ա»:

Նրա կինն ու 5 երեխաներն էլ Սիսիանի գյուղերից մեկում են անորոշության մեջ սպասում: Մյուս որդին՝ Աստղիկի ամուսինն օրավարձով գործեր է գտնում՝ մեծ ընտանքիը պահելու համար. «Պատ ա շարում օրավարձով Խարբերդ գյուղում, որ կարանանք գոնե մի բան անենք էլի: Ես էլ բոստան եմ դրել, կարտոշկա եմ դրել, որ ես իմ երեխեքին պահեմ, չասեմ` ինձի մի քիչ կարտոշկա տվեք, ցանել եմ», - պատմում է կինը:

Աստղիկը փոքրիկ տնակը ամեն օր փայլեցնում, մաքրում է, հասցնում ամեն ինչ դրսի գործերի հետ, տնամերձում դատարկ սանտիմետր չկա:
Ընտանիքը քնում, արթնանում է տուն ունենալու երազանքով, վագոն-տնակը ձմռանը խոնավ էր, հիմա էլ մոծակներից չեն փրկվում: Աստղիկն ասում է՝ արցախցիների համար նախատեսված գումարներից կարողացել է ինչ-որ բան խնայել, բայց դրանով գյուղում տուն գնել չեն կարող. «Օգնեն տնով, գումարի կեսն էլ ես դնեմ, մի տուն վերցնեմ, գոնե էստեղից դուրս գանք»:

Ուրիշ ոչ մի բանի կարիք չունենք, ասում է Աստղիկն ու բացում սննդամթերքի արկղը. օգնություն են ստացել, շնորհակալ են, խնամքով ու զգույշ օգտագործում են. «Օգնություն ա, երեցկինն էլ ա բերել, կողքից ստացել եմ, գյուղապետարանից էլ եմ ստացել»:

Տան երեխաներն էլ համակարգիչ ու սմարթֆոն չեն երազում, այլ այն, ինչ ծնողներին է պետք. «Հավ, կով, ձի, խոզ, մեղու»: