Մինչև ՀԱԷԿ-ի վերազինման աշխատանքների ավարտը սպառողները էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր չեն ունենա․ ՏԿԵ նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը ապահովող Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը մայիսի 15-ից դադարեցրել է աշխատանքը 4,5 ամսով։ Անվտանգության մակարդակը բարձրացնելու համար ատոմակայանում վերազինման ու վերանորոգման աշխատանքներ են տարվում։

Երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 41 տարի առաջ, և սա ամենաերկարատև պլանային-նախազգուշացնող վերանորոգումն է նախագծի մեկնարկից ի վեր։

Ատոմակայանի տնօրենների խորհրդի նախագահ, «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը իրականացվող աշխատանքներից կարևորեց հատկապես ռեակտորի թրծման աշխատանքները․ - «Նեյտրոնների ազդեցության տակ ժամանակի ընթացքում ստրուկտուրային փոփոխություն է կատարվում մետաղի հետ, մետաղը դառնում է ավելի փխրուն։ Որպեսզի կարողանանք շահագործել, պետք է նորից թրծենք։ Թրծման աշխատանքներ ոչ բոլոր կազմակերպությունները կարող են անել։ Դա Ռուսաստանի մասնագիտացված կազմակերպություններ են։

Էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականցման նպատակով Ռուսաստանից ժամանելու են ատոմային էներգետիկայի մասնագետներ։

Ատոմակայանի տնօրենների խորհրդի նախագահն ասում է, որ այս աշխատանքների ավարտից հետո էներգաբլոկը հնարավոր կլինի շահագործել մինչև 2026 թվականը ներառյալ․ - «Դրանք արվելուց հետո այս տարի կարգավորող մարմինը պետք է նոր լիցենզիա տա ատոմակայանին՝ շահագործման ժամկետի երկարացման հետ կապված։ 2026-ից հետո, եթե հիմա թրծման աշխատանքները կատարվի, որից հետո ուսւոմնասիրվի մեռտաղի վիճակը, և մենք կարծում ենք, որ լրիվ կբավարարի, նորից կգա ինչ -որ աշխատանքների փուլ, որ ևս տասը տարով երկարացվի, մինչև 2036 թիվը»։

Վահրամ Պետրոսյանը հույս հայտնեց նաև, որ ատոմակայանի նոր էներգալոկի կառուցումը, որի շուրջ քննարկումներ են ծավալվում, կյանքի կկոչվի մինչև 2036 թվականը։

Մեծամորի ատոմակայանը երկու էներգաբլոկ ունի, որոնցից առաջինը չի շահագործվում։

Մինչև ատոմակայանի վերազինման աշխատանքների ավարտը հայաստանցի սպառողները էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր չեն ունենա, վստահեցնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը նշեց, որ ներքին պահանջարկն այս պահին լիովին բավարարված է․ - «Մենք ներկայումս մեր ներքին պահանջարկն ապահովում ենք Երևանի ՋԷԿ-ի և հիդրոէլեկտրակայանների արտադրանքի հաշվին և որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիա ներկրում ենք Վրաստանից՝ հաշվի առնելով գնի մատչելիությունը։ Նաև մենք պահուստում ունենք Հրազդանի ՋԷԿ-ի երեք էներգաբլոկները, և անհրաժեշտության դեպքում դրանք նույնպես կմիանան ցանցին»։ Էլեկտրաէներգիայի մատակարարման ու նաև գնային քաղաքականության փոփոխության աշխատանքի դադարեցումը չի հանգեցնի, ասում է էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։ Նա այստեղ այլ խնդիր է տեսնում․ տարածաշրջանային էներգետիկ շուկայում Հայաստանը կորցնում է իր դերակատարումը, էլեկտրաէներգիա արտահանող երկրից վերածվում է ներկրողի։

Երկրում ստեղծված պակասորդը լրացվելու է Վրաստանից ներկրելու ճանապարհով․ - «Երբ նայում ենք Վրաստանի էլեկտրաէներգիայի ներկրման աշխարհագրությունը, ապա տեսնում ենք, որ դրա կառուցվածքում առյուծի բաժին է զբաղեցնում Ադրբեջանից և Թուրքիայից ներկրվող էլեկտրաէներգիան։ Եվ ստեղծված իրավիճակում առավել քան ակնհայտ է, որ Վրաստանը ստիպված է լինելու ավելացնել էլեկտրաէներգիայի ներկրումը առավելապես Ադրբեջանից՝ այն Հայաստանի Հանրապետություն վերաարտահանելու նպատակով։ Եվ ստեղծվում է իրավիճակ, երբ Հայաստանի էներգետիկ համակարգը, խոշոր հաշվով՝ ամբողջ տնտեսությունը հայտնվելու է կախյալ վիճակում թուրք-ադրբեջանական էներգետիկ համակարգից, ինչն ակնհայտորեն իր մեջ ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում»։

Էներգետիկ փորձագետի մտահոգությունը Տարածքային կառավարման նախարարությունում հիմնավոր չեն համարում, իսկ Վրաստանից ներկրում են ոչ թե էլեկտրաէներգիայի պակասի պատճառով, այլ որովհետև գինն է մատչելի։ Չներկրելու դեպքում ներքին պահուստային էներգիան կբավարարի մինչև ատոմակայանի վերագործարկումը, որը նախատեսված է հոկտեմբերի 2-ին։

Աշխատանքների ավարտից հետո Հայաստանը կրկին էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն կունենա, վստահեցրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետը։