Պատերազմից ի վեր դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել 3752 մարմիններից ու մասունքներից վերցված փորձանմուշներ, որոնց համար լրացվել է 3408 մահվան մասին բժշկական վկայական։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ 3752 մարմիններից ու մասունքներից 73 փորձանմուշ այս պահին գտնվում է հետազոտման փուլում։
Առողջապահական գերատեսչությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են, որ այս 73 փորձանմուշները առաջնային հետազոտություն անցած, արդեն 2-րդ կամ 3-րդ փուլերում հետազոտվող նմուշներ են։
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում հարազատներից վերցված ԴՆԹ նմուշների միջոցով նույնականացնում ու պարզում են զոհվածի ինքնությունն ու արյունակցական կապը։ Գործընթացը հիմա էլ շարունակվում է, համընկնում չունեցող մարմինները և մասունքները պահպանվում են մինչև նույնականացումը։