Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի (ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ)՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին՝ պատվիրակության ղեկավար Օուեն Մըրֆիի գլխավորությամբ։
Արժևորելով առաքելության դերն ընտրությունների դիտարկման ընթացքում, Ապիտոնյանը գոհունակությամբ արձանագրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ ընտրական գործընթացներում համագործակցությունը։
Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության՝ փոխարտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի՝ արդար, թափանցիկ և եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը։
Մայիսի 10-ին Ազգային ժողովը երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Այսպիսով՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովը, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, իրավունքի ուժով ցրվեց։
Ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել, որպեսզի համաձայն քաղաքական ուժերի հետ ձեռք բերած պայմանավորվածության երկու անգամ խորհրդարանը նոր վարչապետ չընտրի, և Հայաստանում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին, նախագահն արդեն ստորագրել է հրամանագիրը, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին ու կտևի մինչև հունիսի 18-ը։