Մեկնարկել է իսրայելա-պաղեստինյան նոր բախումների երկրորդ շաբաթը

Իսրայելյան օդուժի հարվածը, Գազա, 17 մայիսի, 2021թ.

Իսրայելա-պաղեստինյան նոր առճակատման երկրորդ շաբաթվա մեկնարկը հուշում է, որ պետք է չէ ակնկալել լարվածության արագ թուլացում:

Իսրայելյան օդուժը հուժկու ռմբահարումների է ենթարկում Գազայի հատվածը, որտեղից էլ ՀԱՄԱՍ-ի զինյալները շարունակում են հարյուրավոր հրթիռներ արձակել հրեական ավանների ուղղությամբ:

Իսրայելի հակաօդային պաշտպանությունը և նախևառաջ «Երկաթե գմբեթ» գերարդիական համակարգը վնասազերծում է պաղեստինյան հրթիռների մեծ մասը, սակայն որոշ դեպքերում հրթիռները հասնում են թիրախներին:

Փոխադարձ հարվածներից առավել տուժում է արաբական բնակչությունը: Գազայի հատվածում է ապրում մոտ 2 միլիոն պաղեստինցի: Գազան խիստ բնակեցված է, կան կողք կողքի կառուցված բազմահարկ շենքեր:

Իսրայելի բանակը պնդում է, թե ամեն ինչ արվում է խաղաղ բնակիչների շրջանում կորուստները բացառելու համար: Ըստ իսրայելցիների, ՀԱՄԱՍ-ը հրթիռների արտադրության և պահեստավորման կենտրոններ, կապի հանգույցներ և հրամանատարական կետեր է տեղակայում բնակելի թաղամասերում:

Իսրայելյան օդուժի թիրախների թվում են նաև պաղեստինցիների ստորգետնյա թունելների ցանցը և զենքի արտադրամասերը:

Որոշ դեպքերում իսրայելցիները տվյալ թաղամասի ղեկավարներին նախապես տեղեկացնում են օդային հարվածի մասին, քանի որ նպատակը միայն ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքի ոչնչացումն է:

Եվ այնուամենայնիվ տուժում են նաև խաղաղ մարդիկ: Գազայի հատվածի առողջապահության նախարարության փոխանցմամբ, մայիսի 17-ի առավոտյան դրությամբ սպանվել է 197 մարդ, այդ թվում 58 երեխա և 34 կին: Առճակատման ընթացքում սպանվել է 10-ը իսրայելցի, այդ թվում 2 երեխա: Երկու կողմից վիրավորվել է ավելի քան մեկ և կես հազար մարդ:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելն առանց վարանելու կշարունակի օպերացիան:

«Մենք ամեն ինչ կանենք կարգուկանոնը վերահաստատելու և ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական ակտիվությունը կասեցնելու համար, իհարկե, դա որոշ ժամանակ կպահանջի, բայց մենք կանգ չենք առնի»,- ասել է վարչապետը:

ՀԱՄԱՍ-ն այսօր հայտնել է, որ Գազայում իսրայելյան օդուժի հարվածից զոհվել է «Մահմեդական ջիհադ» զինյալ խմբավորման բարձրաստիճան լիդերներից Հուսսամ Աբու Հարբիդն, ով Գազայի հատվածի հյուսիսային գոտու խմբավորման հրամանատարն էր:

ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդուլ Լաթիֆը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը երեկ տված հարցազրույցում ասել է, թե Իսրայելն է նախահարձակը, հետևաբար, Իսրայելն առաջինը պետք է ավարտի ռազմական գործողությունները:

«Հրադադարի համար սիոնիստական ռեժիմը պետք է դադարեցնի հարձակումները Պաղեստինի ժողովրդի վրա, այդ դեպքում ՀԱՄԱՍ-ը պատրաստ կլինի երկխոսության, ՀԱՄԱՍ-ը պաշտպանում է իր ժողովրդին, մենք նրան չենք լքի, չենք թողնի միայնակ դիմակայելու այս սարսափելի հանցանքները»,- ասել է Լաթիֆը:

Երեկ Մերձավոր Արևելքում խաղաղության համար է աղոթել Հռոմի Ֆրանսցիսկոս պապն, ով կիրակնօրյա պատարագից հետո դիմելով Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, ասել է, որ բախումներում սպանվում են անմեղ մարդիկ, այդ թվում երեխաներ:

«Մտահոգությամբ եմ հետևում Ավետյաց երկրի զարգացումներին: Իրո՞ք կարծում ենք, թե կարող ենք խաղաղություն հաստատել մեկ ուրիշին սպանելով: Աստված ստեղծել է բոլոր մարդկանց և նրանց շնորհել է հավասար իրավունքներ, պարտավորություններ և արժանապատվություն, և պատգամել է ապրել միասին ու խաղաղ՝ քույրերի և եղբայրների նման, Աստծո անունից կոչ եմ անում՝ մի կողմ դրեք զենքը և գնացեք խաղաղության արահետով: Աղոթենք իսրայելցիների և պաղեստինցիների համար, որ կարողանան ներել միմյանց և քայլ առ քայլ շարժվեն դեպի հույս, արդարություն ու համակեցություն»,- ասել է կաթոլիկ հովվապետը:

Մինչդեռ, Իսրայելի առանցքային դաշնակից Միացյալ Նահանգները հայտնել է, որ մտադիր է նպաստել կողմերի երկխոսությանը: Դա է երեկ ընդգծել նախագահ Ջո Բայդենը:

«Մենք համոզված ենք, որ պաղեստինցիները և իսրայելցիները հավասարապես արժանի են ապահով և անվտանգ պայմաններում ապրելու և հավասար աստիճանի ազատություն, բարգավաճում ու դեմոկրատիա վայելելու իրավունքին»,- ասել է նախագահը, նշելով, որ Վաշինգթոնը դիվանագիտական լուրջ ջանքեր է գործադրում Մերձավոր Արևելքում իրավիճակը կայունացնելու համար:

«Մենք շատ լուրջ անդրկուլիսյան աշխատանք ենք իրականացնում, արդեն կողմերին առաջարկել ենք մեր օգնությունը, նպատակն առճակատման դադարեցումն է, երկու համայնքները {հրեաները և պաղեստինցիները} պետք է ապրեն խաղաղության մեջ»,- այսօր ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Խնդրին է անդրադարձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որն այոնուամենայնիվ չի կարողացել համաձայնեցնել հայտարարության նախագիծը, քանի որ խորհրդի մշտական անդամ Միացյալ Նահանգները նկատել է տվել, թե այս իրավիճակում հայտարարությունը կարող է խոչընդոտել հրադադար հաստատելու ջանքերը:

Քննարկումները տեղի են ունեցել հեռավար ձևաչաթով: Անվտանգության խորհրդում նախագահող Չինաստանի արտգործնախարար Վան Յին ասել է, որ կոնֆլիկտի հետևանքով զոհվել են մեծ թվով մարդիկ: Նախարարն Իսրայելին կոչ է արել խուսափել անհամաչափ ուժի գործադրումից, իսկ պաղեստինցիներին կոչ է արել անհապաղ դադարեցնել հրթիռակոծությունները:

Նա կողմերին հորդորել է ստեղծել տուժածներին մարդասիրական օգնություն ցույց տալու պայմաններ: Վան Յին ընդգծել է, որ ՄԱԿ-ը սատարում է հարցի կարգավորումը երկու պետության համակեցության տարբերակով: