Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
Վաղարշակ Հարությունյանը, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը, արձանագրելով՝ «չնայած հանգամանքին, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր, նրանց մի մասը դեռևս շարունակում է գտնվել Հայաստանի տարածքում և, փաստացի, ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված խնդիրը չի լուծվել»։
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորականները գտնվում են հայկական ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, ինչպես նաև, որ սահմանային այդ հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։
Ստանիսլավ Զասն իր հերթին նշել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, և որ այն քննարկվելու է առաջիկա օրերին, Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Այս հարցի լուծման շուրջ բանակցություններ են ընթանում։
Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստից հետո իրավիճակը դեռ ճգնաժամային որակեց՝ նշելով, որ ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում է անփոփոխ։ Նրա փոխանցմամբ, սահմանների հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին՝ չորեքշաբթի օրը։