Երևանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը՝ վերջ դնելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին, փոխանցել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին:
Վերահաստատելով երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները, հաղորդում է Հայաստանի դեսպանատունը:
Էսլամին, իր հերթին, Իրանի իշխանությունների կողմից պատրաստակամություն է հայտնել այդ «կարևորագույն տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում, որն, ըստ նախարարի, միտված է ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովմանը»:
Հարավային Ասիան Եվրոպային կապող այս միջանցքի ստեղծման շուրջ քննարկումներին մասնակցում են հինգ երկրներ՝ Հայաստանը, Իրանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը։ Կողմերը մի քանի հանդիպումներ են անցկացրել, վերջինը՝ անցած ապրիլին Երևանում։