Սահմանների հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին

«Մենք պետք է շարունակենք գործարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ», - այսօր Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը:

«Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը կրել է հետևյալ փոփոխությունը կամ ավելի ճիշտ ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Այսինքն, ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել», - ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը տեղեկացրել է, որ երեկ մինչև ուշ երեկո բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի օրը բանակցությունները շարունակվելու են:

Նրա խոսքով՝ բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից:

«Քանի դեռ սա տեղի չի ունեցել՝ հարցը, իրավիճակը մենք գնահատում են որպես ճգնաժամ, որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության, տարածքային ամբողջականության համար», - ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Նշենք, որ սա 4-րդ ԱԽ նիստն էր վերջին մի քանի օրերի ընթացքում։ Վարչապետի աշխատակազմը նաև տեղեկացնում է, որ Անվտանգության խորհրդի այսօրվա նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ:

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում։

Տե՛ս նաև այստեղ