Իսրայելի բանակը կշարունակի ռազմական գործողությունները պաղեստինյան «Համաս» խմբավորման դեմ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է երկրի անվտանգությունը ապահովելու համար, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Անցած գիշերը Գազայի հատվածից ավելի քան 100 հրթիռ է արձակվել Իսրայելի վրա, նրանց մեծ մասը նպատակին չի հասել։ Երեկ Իսրայելի օդուժը ռմբահարել է Գազայի բարձրահարկերից մեկը, որտեղ տեղակայված էին նաև Al-Jazeera-ի և Associated Press-ի գրասենյակները։ Իսրայելը հարձակման մասին տեղեկացրել էր մեկ ժամ առաջ, ու լրագրողները դուրս էին եկել շենքից։ Իսրայելը պնդում է, որ բարձրահարկը «Համասի» հատուկ ծառայությունների հենակետերից էր, իսկ լրատվամիջոցների գրասենյակները օգտագործվում էին որպես «կենդանի վահան»։ Associated Press-ը իսրայելական կողմից պահանջել է ապացույցներ ներկայացնել և դատապարտել է հարձակումը։
Այսօր առավոտյան Իսրայելը ավիահարվածներ է հասցրել «Համասի» ղեկավարներից մեկի ու նրա եղբոր տանը։ Պաղեստինյան կողմի ասելով` ոչ մեկն այնտեղ չի գտնվել։
Մեկ շաբաթ շարունակվող ընդհարման հետևանքով պաղեստինյան կողմը հաղորդում է ավելի քան 170 զոհի մասին։ Իսրայելում 10 մարդ է զոհվել։
Հրադադար հաստատելու միջազգային հանրության ջանքերը դեռևս արդյունք չեն տալիս, բայց դրանք շարունակվում են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ։ Այսօր ակնկալվում է ԱՄՆ-ի բանագնաց Հադի Ամրի բանակցությունները Իսրայելի ղեկավարների հետ, որից հետո նա հանդիպելու է Պաղեստինի առաջնորդներին։