Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր Տաջիկստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ «ադրբեջանական սահմանապահները գտնվում են իրենց դիրքերում»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ Բայրամովը Տաջիկստանի ԱԳ նախարարին ներկայացրել է, որ ավելի վաղ կային որոշակի տարաձայնություններ, որոնք լուծվել են բանակցությունների միջոցով: Ըստ ադրբեջանական կողմի՝ բանակցություններին մասնակցել են եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերը:
Ադրբեջանի արտգործնախարարը Տաջիկստանի իր գործընկերոջը, որը ներկայումս նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, ասել է, որ այս խնդրի վերաբերյալ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին «հիմք չունի»: Երևանը, Բաքվի պնդմամբ, քաղաքականացնում է խնդիրը:
Պաշտոնական Երևանը հաղորդում է մայիսի 12-ից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման և առաջխաղացման մասին: Հայաստանն այդ առնչությամբ պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որին անդամակցում է, և դաշնակից Ռուսաստանին: