Լոռու մարզի մոտ 1000 բնակիչ ունեցող Ուռուտ գյուղում համարում են, որ հանքարդյունաբերությունը տարածքին անդառնալի վնասներ կհասցնի։ Լոռի բերդ համայնքի Ուռուտ ու ևս 3 բնակավայրերի խոտհարքներում բազմամետաղ հանք որոնելու ծրագրով գյուղ հասած երկրաբաններին երեկ թույլ չտվեցին, անգամ, հանրային քննարկում անցկացնել։ Վարչական ղեկավարի կնիքով արձանագրություն կազմեցին չկայացած քննարկման մասին:
Այս տարվա փետրվարին հիմնադրված «Ջին հոլդինգ լիմիթիդ» ընկերության ներկայացուցիչները բողոքի ակցիա կազմակերպած գյուղացիներից ու բնապահպաններից նեղացած, հեռացան։
Ընկերության խորհրդատու երկրաբան Գագիկ Քառյանը կասկածներ ուներ, թե իրենց դեմ հատուկ կազմակերպված արշավ էր, որ անգամ հնարավորություն չտվեցին թղթապանակներով բերված ծրագրերի դրույթները բարձրաձայնել։ Համոզված էր, թե դրանք լսելու դեպքում գյուղացիները հավանություն կտային ծրագրին. «Գյուղացիները, որ մինչև վերջ լսեին մեր առաջարկները, էն վախտ, որ ասեին՝ չէ, ես կընդունեի: Ոչ մի բան չեմ առաջարկելու հիման»:
Դեռևս հանքարդյունաբերությամբ չզբաղված ընկերության ներկայացուցիչը մատնացույց է անում Թեղուտը, Արմանիսն ու Զանգեզուրը։ Նշում, թե մարդիկ բարձր աշխատավարձեր են ստացել, նորմալ ապրել։ Մինչդեռ հարևան Արմանիսի հանքի վնասները կրած ուռուտցիները հակադարձում են՝ հանքի փոշին իրենց հանգիստ չի տալիս, առողջական լուրջ խնդիրներ են ձեռքբերել, շրջանն էլ առանձնապես հանքարդյունաբերության արդունքում չի բարգավաճել։ Ընդ որում՝ շեշտում են, որ տարածքին մեծ վնասներ պատճառելուց հետո այսօր հանքում աշխատանքը դադարեցված է, աշխատատեղերն էլ՝ կրճատված։
«Մենք ուրիշ ենք, այլոց հետ մի համեմատեք», - հորդորում է երկրաբանական ուսումնասիրությունների համար մոտ 1,5 միլիոն դոլար նախատեսած ընկերության խորհրդատուն. «Նախկինում ինչ-որ պայմանավորվել եք, պայմանավորվել եք, էդ ուրիշ ա, հիմա ես եկել եմ, իմ ծրագիրը կա՝ էս գյուղի համար ինչ պետք ա արվեր, ոնց պետք ա արվեր: Սա Հայաստանն է, հողեր են տալիս, մարդկանց զոհեր են տալիս, զենք չունեն կռվելու, այդ հիմիկվա վիճակն ա, որ չեն աշխատում, ոչ մի ձեռնարկություն չի աշխատում»:
Եթե հանքերը լավ արդյունքներ կարող էին ունենալ, ապա արդեն իսկ տեսանելի առավելություններ պետք է տված լինեին, ասում է «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։ Նրա կարծիքով, նոր հանքերի փոխարեն արդեն շահագործվող հանքավայրերն է պետք կարգի բերել ու վնասները նվազեցնել։
«Մենք հիմա խնդիր ունենք առկա հանքարդյունաբերությունը դնել լավ որակի վրա, որովհետև այս ամբողջ շրջակայքը փչացնում է: Հին օրենքներով, որոնք գրվել են հիմնականում արդյունաբերողի շահերից, առաջ բերել նորից հանքարդյունաբերություն, ճիշտ չէ», - ասաց Դուլգարյանը:
Ուղիղ մեկ ամիս առաջ մեկ այլ, «Նեյչրլ Ռիսորսիզ» ընկերությունն էր Ուռուտ եկել նույն տարածքում մետաղական պաշարներ գտնելու թույլտվություն ստանալու բնակիչներից։ Այս ընկերությունն էլ «Ջին Հոլդինգ Լիմիթիդի» նման այս տարվա փետրվարին է ստեղծվել, ընդամենը երեք օրվա տարբերությամբ։ Ապրիլի 16-ին կայացած հանրային քննարկումը վարչական ղեկավարի նստավայրում հաջողվել էր։ Ըստ արձանագրության, ներկաները հիմնականում դրական էին արտահայտվել, հորդորել միայն ուսումնասիրություններն սկսել խոտհունձից հետո, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները չխաթարվեն։ Մինչդեռ վարչական շրջանի գանձապահ Սաթիկ Այվազյանը, որ նույնպես մասնակցել էր քննարկմանը, «Ազատությանն» ասաց՝ ուշ է տեղեկացել, որ իր ստորագրությունը համաձայնության նշան է։ Ինքը երկու ձեռքով դեմ է ցանկացած հանքարդյունաբերական ծրագրի։
«Բոլորին դեմ ենք, միանշանակ: Ուղղակի մտածեցինք, որ հնարային լսմանն ենք մասնակցել, ստորագրում ենք, կոնկրետ ես: 1000 բնակիչ ունեցող գյուղում քանի մարդ պետք է հանրային քննարկմանը մասնակցի, առնվազն, ինչքան տեղեկացված եմ, մի 30-40 հոգի, մեր մոտ եղել է տասնքանի հոգի», - ասաց Այվազյանը:
Թե ինչո՞ւ նույն օրերին ստեղծված, տարբեր սեփականատերեր ունեցող երկու տարբեր ընկերություններ կենտրոնացել են նույն տարածքի վրա, անհայտ է։ Ուռուտի վարչական ղեկավար Սերգո Ջուլակյանն ասաց՝ մոտ երեք տարի առաջ մեկ այլ ընկերություն էր եկել՝ արժեքավոր հանքաքար գտնելու։ Բայց արդյունքների մասին տեղեկություններ չունեն։ Մեկ ամիս առաջ «Նեյչրլ Ռիսորսիզ» ընկերության կազմակերպած հանրային քննարկմանը դրական արտահայտված վարչական ղեկավարն ասաց՝ գյուղի բնակիչների կարծիքին դեմ չի գնա։ Եթե դեմ են՝ գյուղի խոտհարքները հանք չի դառնա։