Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը

Սերժ Սարգսյանը դատարանի դահլիճում

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունն այսօր դատարանը մերժեց։

Փաստաբանները դեռ երեկ տեղի ունեցած դատական նիստում էին միջնորդությունը ներկայացրել՝ նշելով, որ խափանման միջոց կիրառելու հիմք չկա, թաքնվելու, գործի քննությանը խոչընդոտելու որևէ ռիսկ չի կարող լինել։

«Մենք դատարանի որոշման հետ ունենք սկզբունքային անհամաձայնություն, որովհետև չի կարող լինել որևէ ողջամիտ մտահոգություն վարույթն իրականացնող մարմնի մոտ, այդ թվում նաև դատարանի մոտ, որ ՀՀ 3-րդ նախագահը կարող է կատարել մի արարք, որը կարող է գործի քննությանը խոչընդոտել։ Գործի քննությանը խոչընդոտելու ռեալ, անգամ տեսական հնարավորությունները և հավանականությունը վերացած է ընդհանրապես», - ասաց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նրա խոսքով, այս որոշման պատճառաբանություններն ընդունելի չեն իր համար, պատրաստվում է բողոքարկել․ - «Այդ պատճառաբանությունները երկրի վրա ապրելու հնարավորություն չունեն, այսինքն՝ չեն կարող նյութականանալ»։

Ըստ Հատուկ քննչական ծառայության, Հայաստանի երրորդ նախագահը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Նախկին նախագահի փաստաբաններն այս գործը որակում են քաղաքական հետապնդում, իսկ ինքը՝ Սարգսյանը «անհեթեթություն» ու «կարված գործ»։

Նախագահի պաշտպանները երեկ միջնորդել էին նաև տրամադրել քրեական գործի բոլոր նյութերը, սակայն այս միջնորդության քննությունը դատարանը որոշեց հետաձգել՝ մինչև դրա լուծման համար էական հանգամանքների պարզումը:

«Ես չհասկացա, թե դատարանը ինչ հանգամանքներ պետք է պարզի գործի քննության ընթացքում, որ դրանից հետո հնարավոր լինի լուծել մեր միջնորդության ընթացքը։ Մենք երեկ մեր միջնորդության ընթացքում շատ հստակ ցույց տվեցինք, որ կան փաստաթղթեր, որոնք չկան գործում, ակնհայտ չկան։ Եթե չկան ապացույցները, չենք կարող ասել դրանք արդարացնո՞ղ են, թե՞ մեղադրող։ Իսկ դատախազը ասեց, որ մեղադրողները բերել ենք։ Մենք էլ համոզված ենք, որ արդարացնողները պահել են։ Մենք շատ հստակ գիտենք, թե արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում ոնց է իրականացվում, ինչ զանգեր, ինչ մեյլեր, ինչ խմբագրումներ», - նշեց Մակինյանը։

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանից բացի, այս գործով ևս չորս մեղադրյալ է անցնում։ Երկուսը՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և նախկին գյուղփոխնախարար Սամվել Գալստյանը մահացել են կորոնավիրուսից։