Ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է համակողմանի պարզել Սյունիքի սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Հայաստանի զինվորական դատախազության կողմից Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ», - գրել է Աբրահամյանը։
Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Դեռ երեկ՝ օրվա առաջին կեսին, Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե տեղում բանակցություններ են ընթանում՝ տարաձայնությունները հարթելու համար։ Երեկ ուշ երեկոյան Անվտանգության խորհրդի նիստ գումարվեց։ Փաշինյանը հայտարարեց՝ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե ոչ՝ ճգնաժամային։
Այսօր վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ երեկվանից Սև լճի հատվածում իրադրության էական փոփոխություն չկա և իրադրությունը շարունակում է մնալ նույնը, այսօր ԱԽ նիստ կգումարեն՝ հետագա անելիքները որոշելու համար։ Նա կարևորեց այն հարցը, թե ինչպե՞ս է հնարավոր եղել, որ ադրբեջանցի զինվորները հատեն և միջդիրքային տարածքներով հասնեն Սև լիճ․- «Դա առանձին քննարկման խնդիր է, անպայման կդիտարկվի»։