Փաշինյանը հաստատում է՝ ադրբեջանցիները հատել են Հայաստանի սահմանը, դա անհանդուրժելի է որակում

Ադրբեջանցի զինվորականներ Հայաստանի Սյունիքի մարզի սահմանին, արխիվ

Մոտ տասը ժամ շարունակված լռությունից հետո՝ երեկ ուշ երեկոյան, Կառավարության ղեկավարը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ «Դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ», - ընդգծեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հատուկ այս հարցով հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում։

«Որևէ կերպ չենք կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և այսօր մենք Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկենք այս պահին առկա իրավիճակն ու մեր հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները», - ասել է նա:

Պնդելով, թե իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե ոչ՝ ճգնաժամային, Փաշինյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ադրբեջանական զինուժը առաջխաղացման հասնելիս մարտական գործողությունների չի դիմել, զենք չի գործադրել։ «Իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է», - ընդգծեց նա։

Ըստ Փաշինյանի, ադրբեջանական զինուժն իր առաջխաղացումը փորձում է հիմնավորել քարտեզներով, որոնք հայկական կողմը մտացածին և կեղծ է համարում։

Դեռ երեկ՝ օրվա առաջին կեսին, Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե տեղում բանակցություններ են ընթանում՝ տարաձայնությունները հարթելու համար։ Ժամեր անց՝ ուշ երեկոյան հրավիրված Անվտանգության խորհրդի նիստը և Փաշինյանի ելույթը, սակայն, ակնհայտ դարձրին, որ այդ բանակցությունները, գոնե երեկ, դրական արդյունք չեն տվել։

Հավաստիացնելով, թե նախապատվությունը տալու են դիվանագիտական լուծմանը, Փաշինյանը միաժամանակ փաստեց՝ մյուս տարբերակները բացառված չեն․ - «Մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է»:

Ըստ Փաշինյանի, երեկ Պաշտպանության նախարարությունը մարտավարական տեղաշարժեր է իրականացրել։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ էլ՝ 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի, 2-րդ զորամիավորումում իրականացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ, 4-րդում՝ անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ։

«Մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից՝ անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ», - հայտարարեց Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում:

Թե ինչ որոշումներ են կայացվել՝ առայժմ հստակ չէ։ Հայտնի է միայն, որ երեկ երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ։ Ըստ ռուսական կողմի՝ Սերգեյ Շոյգուն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են «իրավիճակը այն տարածքներում, որտեղ առաջադրանքներ է կատարում Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»:

Պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա Հայաստանի պետական սահմանի հատման, այս հարցի շուրջ Մոսկվայի դիրքորոշման կամ հնարավոր քայլերի մասին, թեև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ընդամենը օրեր առաջ էր Երևանում անվտանգության ապահովման երաշխքներ տվել։

«Մենք հավատարիմ ենք մեր դաշնակցի` Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հանձնառությանը։ Այդ մասին խոսվել է նաև նախագահ Պուտինի հետ Ձեր հանդիպումներում և պարբերաբար իրականացվող մեր պաշտպանական գերատեսչությունների շփումներում։ Այստեղ ոչ մի կասկած չի կարող լինել», - Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել էր Սերգեյ Լավրովը։

Ի դեպ, երեկ հեռախոսազրույց է կայացել նաև Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների միջև։ Պաշտոնական Երևանն ընդգծել էր, որ Արա Այվազյանը ռուս գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին և նշել «նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը»: Թե ինչպես է արձագանքել Մոսկվան՝ հստակ չէ․ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ Լավրովը վերահաստատել է հրադադարի խիստ պահպանման, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև նոյեմբերի 9-ին ու հունվարի 11-ին ձեռք բերված մյուս պայմանավորվածություններն անշեղորեն իրագործելու անհրաժեշտությունը։ Թե հատկապես որ պայմանավորվածությունների մասին է խոսքը և ինչ կապ ունեն դրանք Սյունիքում ծավալվող իրադարձությունների հետ՝ չի նշվում։

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ միայն նշվում է, թե Դաշնությունը պատրաստ է նաև առաջիկայում ամեն կերպ աջակցել «Հարավային Կովկասի իրավիճակի շարունակական նորմալացմանը»։