Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) պաշտոնապես տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
ԱԱԾ-ն խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ:
Ազգային անվտանգության մարմինները հորդորում են ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին:
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։