Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ ավարտվել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։
Ըստ ԱԱԾ-ի՝ սույն քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված զինվորականը ծառայության մեջ գտնվելու ընթացքում ի պաշտոնե իրավունք է ստացել առնչվելու պետական և ծառայողական գաղտնիքին դասվող տեղեկությունների և այդ տեղեկությունները պարունակող փաստաթղթերի հետ:
Նա տարիներ առաջ, ինչպես ԱԱԾ-ն է հայտնում, գտնվելով Վրաստանի տարածքում՝ հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում, նրանցից ստացել կոնկրետ առաջադրանքներ՝ հավաքել և իր մոտ պահել Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին փոխանցել ծառայության բերումով իրեն հասանելի դարձած փաստաթղթեր ու տեղեկություններ, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար ցույց տվել այլ օգնություն։
Ըստ հաղորդագրության՝ նա թշնամական գործունեությամբ զբաղվող ադրբեջանական հատուկ ծառայությունների՝ ինքնությունը չպարզված ներկայացուցիչներից ընդունել է վարձատրության դիմաց, ի վնաս Հայաստանի և Արցախի տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու առաջարկը՝ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչների հետ մշակելով և ընտրելով ՀՀ պետական, այդ թվում՝ հակահետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից քողարկված եղանակներով նրանց հետ կապ հաստատելու, համապատասխան տեղեկություններ փոխանցելու և այլ օգնություն ցուցաբերելու տարբերակները:
Այնուհետև, ԱԱԾ-ի փոխանցմամբ, զինվորականը հավաքել և սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատանը պահել է Հայաստանի և Արցախի զորամասերի, դրանց տեղակայման վայրերի, նշանակության, ստորաբաժանումների կազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակների ու տեսակների, մարտական զորավարժությունների անցկացման ռադիոտվյալների, պայմանականչերի, ռադիոցանցերի, ռադիոուղղությունների, կապի պլանների, հայկական բանակային կորպուսների դիմաց առկա թշնամական ուժերի, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, դրանց ընդհանուր թվաքանակի, թշնամու առաջնահերթ խոցվող օբյեկտների (նշանակետերի), դրանց կոորդինատների, չափերի, խոցման միջոցների, հրթիռների քանակի, ինչպես նաև հայկական կողմի մոտ առկա Ադրբեջանի ԶՈւ, զորամասերի, միավորումների, ստորաբաժանումների, մարտական զրահամեքենաների, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենաների և զրահափոխադրիչների, հրետանու, ականանետերի, հակատանկային միջոցների, զորային հակաօդային պաշտպանության միջոցների, դրանց տեսակների, քանակի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր և տվյալներ:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ բարձրաստիճան զինվորականը, օգտագործելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և Արցախի ՊԲ սպայական անձնակազմի շրջանում իր ունեցած հարաբերությունները, պարբերաբար հանդիպումներ է ունեցել վերջինների հետ և հետաքրքրություններ ցուցաբերել Արցախի ՊԲ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող կոնկրետ գործողությունների և հրետանու ընդհանուր գործունեության վերաբերյալ, հավաքել այդպիսի տվյալներ, որից հետո՝ պարբերաբար Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Վրաստան և ինչպես Ադրբեջանի դեսպանատան տարածքում, այնպես էլ դրանից դուրս հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների կամ նրանց ներկայացուցիչների հետ և նրանց մաս-մաս հանձնել կամ հայտնել է իր կողմից հավաքագրված ու պահված պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները՝ կատարելով թշնամական երկրի հետախուզական ծառայությունների առաջադրանքները՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
Ընդ որում, ինչպես ԱԱԾ-ն է նշում, բարձրաստիճան զինվորականն այդ ամբողջ ժամանակահատվածում փորձել է հնարավորինս գաղտնի պահել իր անձը, հետախուզական ծառայությունների հետ ունեցած կոնտակտային հեռախոսահամարներն ու կապի միջոցները:
Արդյունքում, ինչպես ծառայությունն է նշում, ՀՀ զինված ուժերում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձը օտարերկրյա պետության ներկայացուցիչներին հանձնել է պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որով հակառակորդին ընձեռել է իրական հնարավորություն՝ կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, դրանց համապատասխան կատարել տակտիկական փոփոխություններ, ինչպես նաև կանխորոշել ՀՀ ԶՈԻ տարբեր զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու հավանական բնույթը, մարտական գործողությունների վարման ընթացքում նպատակային և արդյունավետ խոցման համար նպաստավոր պայմաններ ստեղծել և արդյունքում խոչընդոտել ՀՀ ԶՈԻ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը՝ այդ կերպ լրտեսության, պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել պետական դավաճանություն:
Այս ամենով հանդերձ, ըստ ԱԱԾ-ի, քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է նաև, որ նույն անձը, գործելով կազմակերպված խմբի կազմում, ապօրինի զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնավորապես ընկերոջ հետ միասին ձեռք է բերել և Հայաստանի Հանրապետություն ներմուծել ռազմական նշանակության ապրանք հանդիսացող 200-ից ավելի տանկային ականջակալ-սաղավարտներ, որոնք վաճառել է օտարերկրյա պետության քաղաքացուն և ստացել 7,466,505 դրամ հասույթ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Վերոնշյալից բացի, ՀՀ զինված ուժերում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձը քննությամբ չպարզված ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել, փոխադրել և մինչև 2020 թվականի հունիսի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատանը ապօրինի պահել է դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և այլ զենքերից ու ատրճանակներից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող ավելի քան 1000 հատ մարտական փամփուշտներ, «Ֆ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, մարտական պայթուցիչ, ասված է հաղորդագրությունում:
Բարձրաստիճան զինվորականը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Պետական դավաճանություն կատարելու, կազմակերպված խմբի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնասի պատճառմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու և պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու համար: