Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը Ադրբեջանի նախագահի «այն ելույթները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են», պաշտոնական նամակով ուղարկել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային մի շարք այլ մարմինների:
Օմբուդսմենը հայտնում է, որ այս անգամ խոսքը վերաբերում է Ադրբեջանի նախագահի ապրիլ ամսվա ելույթներին:
Ուղարկված ելույթներում, ըստ Թաթոյանի, Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք «նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են, լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, և իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները»:
ՄԻՊ-ը հայտնում է, որ այս գործընթացը լինելու է շարունակական. Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձները ենթարկվում են հատուկ մոնիթորինգի:
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումների պատճառ է, նոր դաժանությունների լուրջ սպառնալիք և վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը», - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Թաթոյանը ապրիլի 14-ին ևս հայտնել է, որ Ալիևի ելույթներից որոշ մեջբերումներ կուղարկի միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան կառույցներին: