ԱԺ-ն վարչապետի պաշտոնում չընտրեց Փաշինյանին. խորհրդարանն իրավունքի ուժով ցրվեց

Ազգային ժողովն այսօր երկրորդ անգամ 76 ձեռնպահ, 1 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Այսպիսով՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովը համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության իրավունքի ուժով ցրվեց, հետևաբար Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս խորհրդարանը, սակայն, կշարունակի գործել մինչև նորի ձևավորվումը։

Փաշինյանն իրեն հատկացված մինչև մեկ ժամը ամբողջությամբ օգտագործեց ու խոսեց իր կառավարման տարիների ձեռքբերումների մասին: Արդեն պատգամավորների հետ hարցուպատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատարը նշեց երեք տարվա ընթացքում իր կառավարության ամենամեծ բացթողումն ու ձեռքբերումը:

«Մեր ամենամեծ պրոբլեմն, իհարկե, կարծում եմ, այդ հարցի պատասխանը բոլորս գիտենք, 44-օրյա պատերազմն է և այն զարգացումներ, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ: Ես, բանականաբար, հատկապես 44-օրյա պատերազմից հետո անընդհատ վերադառնում եմ 2018 թվական և փորձում եմ այն ժամանակվանից դասավորել ամեն ինչ նորից: Չէի ասի, թե ամեն ինչ ճշգրիտ նույնությամբ կկրկնեի, իհարկե, բայց մեծ հաշվով Ղարաբաղի հարցում բանակցային գործընթացն ու պրոցեսները, որ տեղի են ունեցել, իմ կարծիքով, 2018 թվականի ապրիլի դրությամբ, հայերեն վստահ չեմ, որ ճշգրիտ կասեմ, թե ոնց է հնչում, բայց точка невозврата-ն անցել էինք արդեն, անշրջելիության կետը, անդառնալիության կետը անցել էինք: Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, ինչի մասին քիչ առաջ խոսեցի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին համարում է, որ ինքն է տերը մեր երկրի, և դա ի վերջո այն նպատակն էր, որի համար արվել է 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Սևանա լճի մակարդակը հուլիսին կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում։ Պետությունը բիզնեսին ժամկետանց պարտք չունի, իսկ աշխատատեղերի թիվն ավելացել է ավելի քան 85 հազարով։ Փաշինյանը բազմաթիվ այլ, իր բնորոշմամբ, ինստիտուցիոնալ բարեփոխումներից խոսեց ու այսպես հակադարձեց իր քննադատներին, որոնք պնդում են, որ այս կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտներում։

«Մի հատ տեսեք՝ էսօր ինչ մթնոլորտ է հանրապետությունում, ինչ իրավիճակ է հանրապետությունում: Այո, մենք թուքումուր էլ ենք կերել, հայհոյանք էլ ենք կերել, ամեն ինչ, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք, և դա ետպատերազմյան ճգնաժամի կառավարման շատ էական օրինակն է: Ես էլի եմ ասում՝ շատ բաներ կան, որ մենք ընդունում ենք սովորական, էդ աղետից հետո Հայաստանի Հանրապետությունում մի հատ կրակոց չի հնչել: Մենք հասկանո՞ւմ ենք սա ինչի մասին է, և սա կարար տեղի ունենար բոլոր ասպարեզներում կառավարումը ձախողած իշխանությունների պայմաններո՞ւմ», - ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց՝ հեղափոխական փոփոխություններ են իրականացրել նաև արդարադատության ոլորտում։ Հիշեցրեց՝ տարիներ շարունակ մամուլիում հրապարակվող նյութերն այն մասին, որ բանտարկյալները ստիպված հերթափոխով էին քնում։ Կրկնեց իր այն հայտարարությունը, որ քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդիկ չկան:

«Եթե իշխանությունը երջանիկ լիներ դատական համակարգի որոշումներից, մենք կհամարեի՞նք, որ բարեփոխումներ ենք արել: Ոչ։ Դա կնշանակեր, որ մենք եկել ենք այն հին ընդդիմությանը, անմեղին, տնանկին նեղող դատական համակարգը հեծնել ենք, և մենք ենք հիմա ղեկավարում այդ դատական համակարգ: Հենց դա է անկախ դատական համակարգը, որ կարող է նեղել իշխանությանը: Իհարկե, ես սա չեմ ասում, որ մեր դատական համակարգը ոգևորվի և ավելի մեծ տեմպերով նեղի: Այս բալանսն է անկախ դատական համակարգի վկայությունը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Այս անգամ ևս Փաշինյանի ծավալուն ելույթն առանց նախկինների ու նրանց բարքերի մասին հիշատակումների չանցավ։ Հիշեցրեց «փայ մտնելու և այլ արատավոր երևույթների» մասին։ Արդեն իր ելույթում «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը հակադարձեց Փաշինյանին՝ «ինչո՞ւ Ձեր նշած երևույթների ապացույցները այս տարիների ընթացքում հանրությունը չի տեսել և պատասխանատվության ենթարկվողներ չեղան»:

Ընդդիմադիր ԲՀԿ-ն նիստին ներկա չէր, իսկ «Լուսավոր Հայաստանից» կարևորեցին փաստը, որ այսօրվա քվեարկությամբ վերջ կտրվի այն խոսակցություններին, որ իշխանությունները վերջին պահին հետ կկանգնեն արտահերթ ընտրությունների գաղափարից:

Ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել, որպեսզի համաձայն քաղաքական ուժերի հետ ձեռք բերած պայմանավորվածության երկու անգամ խորհրդարանը նոր վարչապետ չընտրի, և Հայաստանում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ընտրությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 20-ին, իշխանությունն արդեն ունի որոշում ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ, «Քաղաքացիական պայմանագիրն» առաջիկա արտահերթին առանձին կմասնակցի: Ընտրություններին մասնակցության մասին է նաև հայտարարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Դաշնակցության և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների հետ՝ «Հայաստան» անվանմամբ դաշինքով: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականը դաշինք է ձևավորում նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճն» ու «Լուսավորը» կմասնակցեն առանձին ցուցակներով:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ը դեռ չի հայտնում ընտրությունների մասնակցության իր մտադրության մասին: