Հետպատերազմյան շրջանում թավիշը փրկել է քաղաքացիական պատերազմից, շեշտեց Նիկոլ Փաշինյանը

2021 թվականին հետպատերազմյան շրջանում թավիշը փրկել է քաղաքացիական պատերազմից, այսօր Այսօր Ազգային ժողովում, վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստի ժամանակ, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նա դա հետպատերազմյան ճգնաժամի կառավարելի էական օրինակ համարեց։

«Մի խոստում կա, որ տվել ենք ու չենք կարողացել պահել, ասել ենք վերջ թավիշին ու պարզվել է, որ մենք ինստիտուցիոնալ նենց պայմաններ ենք ստեղծել, որ մենք դա այլևս չենք որոշում, ու դա լավ է։ 2020-21 թվականին ետպատերազմյան շրջանում էդ թավիշը մեզ փրկել է քաղաքացիական պատերազմից։ Սա իրողություն է։ Էդ որ մեզ մեղադրում են՝ կառավարման ձախողում․․․, դուք ուզում եք ասել, որ փաստ էր, որ 2021-ի հետպատերազմյան ճգնաժամը կառավարվելու էր այսպե՞ս։ Մի հատ դուք տեսեք, թե ինչ իրավիճակ է հանրապետույունում։ Այո՛, մենք թուքումուր էլ ենք կերել, հայհոյանք էլ ենք կերել, ամեն ինչ, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք, և դա հետպատերազմյան ճգնաժամի կառավարելի էական օրինակ է։ Էդ աղետից հետո Հայաստանի Հանրապետությունում մի կրակոց չի հնչել, հասկանո՞ւմ եք ինչի մասին է խոսքը , և սա կարող էր տեղի ունենալ բոլոր ասպարեզում կառավարումը ձախողած իշխանության պայմաններո՞ւմ», - ասաց Փաշինյանը՝ նշելով․ - «Մի տարի է Հայաստանում գուժում են սով, ֆինանսատնտեսական համակարգի կոլապս, տնտեսական փլուզում, ոչ մեկը հարց չի տալիս՝ բա էդ կառավարումը բոլոր ասպարեզներում ձախողած կառավարությունը մակրոտնտեսական կայունությունն էդ պայմաններով ո՞նց կարողացավ պահի»։

Հիշեցնենք՝ երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի գիշերը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ալիևի և Պուտինի հետ, մայրաքաղաք Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները նախ հարձակվեցին Կառավարության շենքի վրա՝ ապակիները կոտրելով ու վնասելով գույքը, ապա մուտք գործեցին Ազգային ժողովի շենք, կառավարական առանձնատների հարակից տարածքում ծեծի ենթարկվեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։