«Լուսավոր Հայաստանը» դեռևս չի որոշել, թե հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ինչ ընտրացուցակով է մասնակցելու: Այս մասին այսօր նա նշեց լրագրողների հետ զրույցում:
«Ամենայն անկեղծությամբ դեռ ցուցակ չունենք գրած, չենք ուզում շտապել ժամանակից, նախագահի հրամանագիրը կլինի ընտրությունների նշանակման օրվա հետ կապված, մենք էլ կսկսենք ներքին աշխատանքները, ծրագրի վրա ենք աշխատել` վերանայել ենք մոտեցումները կապված եղած մարտահրավերների հետ: Եթե հրամանագիրը վաղը լինի, մինչև մայիսի 26-ը ցուցակները կազմելու ժամանակ ունենք», - մանրամացնեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է եռատոնին, ապա ըստ Մարուքյանի` հուրաքանչյուր հաղթանակ պետք է կապիտալիզացնել, «հաղթանակը դարձնել ուժեղ պետություն»: «Այն մարտահրավերը, որը մեզ նետվեց 2020-ին, ցույց տվեց, որ մենք հաղթանակը չենք կապիտալիզացրել»,-նկատեց նա:
Ըստ նրա` այսօրվանից սկսած պետք է ոտքի կանգնել: Նա շեշտեց, որ հայկական բանակը ամենահզոր կերպով պատերազմել է, կենաց-մահու կռիվ է տվել, տարածաշրջանում տասնյակ տարիներ այսպիսի պատերազմ չի եղել. «Այսօր եռատոն ենք նշում, որովհետև վերջին հաշվով Շուշին ազատագրել ենք, հիմա գրավել են Շուշին, բայց եռատոնն այդ ազատագրելու մասին է, կարողացել ենք ազատագրել, և դա նշանակում է, որ էլի կարող ենք ազատագրել»:
Հիշեցնենք, որ արդեն հայտնի է` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գլխավորելու է ՀՅԴ-ի ու «Վերածնվող Հայաստանի» դաշինքը, ՀՀԿ-ն դաշինքով է մասնակցելու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ, «Քաղաքացիական պայմանագիրը»` առանց դաշինքի` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: