Լուկաշենկոն հստակեցրել է իր սպանության դեպքում Բելառուսում իշխանության փոխանցման մեխանիզմները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հրամանագիր է ստորագրել, որով հստակեցվում են իր սպանության դեպքում Բելառուսում իշխանության փոխանցման մեխանիզմները։

«Ինքնիշխանության և սահմանադրական կարգի պաշտպանության մասին» վերնագրված հրամանագրում, մասնավորաբար, նշված է. «Պետության ղեկավարի դեմ մահափորձի, ահաբեկչական գործողության իրականացման, արտաքին ագրեսիայի կամ այլ բռնի գործողության դեպքում բոլոր պետական մարմիններն ու պաշտոնյաները գործում են Անվտանգության խորհրդի որոշումների համապատասխան։ Անվտանգության խորհրդի նիստերին նախագահում է երկրի վարչապետը», - նշված է Լուկաշենկոյի ստորագրած հրամանագրում։

Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ Բելառուսի նախագահի բռնի մահվան դեպքում երկրի տարածքում մեխանիկորեն արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում։