Այսօր հրամայական է հայոց բանակի զորացումը, ասում է Գարեգին Երկրորդը

«Ադրբեջանի կողմից շարունակվում են խաղաղ բնակչության դեմ ոտնձգությունները, անմարդկային խոշտանգումների են ենթարկվում գերության մեջ գտնվող մեր զինվորականներն ու քաղաքացիական անձինք», - մայիսի 9-ի կապակցությամբ իր ուղերձում շեշտում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Կաթողիկոսը նաև նշում է` Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է հայկական հոգևոր ու մշակութային բազմադարյա ժառանգությունը Արցախում.

«Այսօր առկա նոր մարտահրավերներին հանդիման մեզ համար հրամայական է հայոց բանակի զորացումը, որ երաշխավորն է մեր հայրենիքի անվտանգության ու մեր խաղաղ կյանքի։ Մայիսի 9-ը՝ իբրև հաղթանակի և խաղաղության տոն, մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով»: