Փակ սահմանների պայմաններում էլ այցելուների թիվը Գյումրի տուրիստական սեզոնին ընդառաջ ավելանում է, քաղաքը հատկապես բազմամարդ է հանգստյան օրերին։
Այսօր ևս բացառություն չէ. այցելում են Հայաստանի տարբեր մարզերից, պատմական կենտրոնում մարդկանց պակաս չկա, թանգարաններում հերթեր են, Շիրազի տուն թանգարանում Արմավիրի բժշկական քոլեջի ուսանողներն էին:
Մհեր Մկրտչյան թանգարանի մուտքի մոտ ևս հերթ էր: Թանգարանի հիմնական այցելուները Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտներ էին՝ ուսուցիչների ու ծնողների ուղեկցությամբ: Շատերի առաջին այցն է Գյումրի ու խոստովանում են, որ կարճ ժամանակ անց նորից կգան, քանի որ տեսնելու շատ բան կա: Արարատի ավագ դպրոցի աշակերտները որոշել էին կառավարության տրամադրված աբոնեմենտով Գյումրիի թանգարաններ այցելել:
Մհեր Մկրտչjան թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը ասում է, որ վերջին 2 շաբաթների ընթացքում հատկապես շաբաթ և կիրակի օրերին այցելուների մեծ հոսք կա. «Հիմնականում դպրոցահասակ երեխաներն են, ճիշտ է, ծնողներն էլ են գալիս, բայց մեծամասամբ դպրոցահասակ երեխաներն են, որոնք մեծ հաճույքով գալիս են թանգարան իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծ դերասան Մհեր Մկրտչյանին»:
Վեդիի մանկապարտեզի աշխատակիցները խմբով էին եկել Գյումրի տեսնելու: Նրանցից շատերը առաջին անգամ էին քաղաքում:
Գյումրիում այսօր կարելի էր հանդիպել նաև մի քանի ռուս տուրիստների: Պերմից պատմաբան Գրիգորի Գալավչանսկին ընտանիքի հետ էր եկել: Շրջել էին պատմական միջուկում ու զարմացած էր, որդու հետ դժվարացան կոնկետ ասել, թե ինչն է ավելի շատ գրավել. «Այստեղ ամեն ինչ զարմանալի է: Դժվար է ինչ-որ մեկն առանձնացնել: Մենք սկսել ենք Սև բերդից և հիմա շրջում ենք քաղաքում, ամեն ինչ հիացնում է: Մենք պատմաբաններ ենք և նպատակադրված եկել ենք այստեղ՝ տեսնելու այն, ինչի մասին կարդացել ենք»:
Գյումրիի տուրիստական բումը սկսվեց 2019 թվականին, երբ քաղաքը շուրջ 70 հազար այցելու հյուրընկալեց: Ավելի մեծ էին ակնկալիքներ 2020 թվականից, սակայն համավարակով պայմանավորված հատկապես տուրիզմի ոլորտը մեծ վնասներ կրեց մի քանի ամիս տևած սահմանափակումների պատճառով:
Էքսկուրսավար Լիզա Գասպարյանն ասում է, որ Գյումրին կրկին տուրիստական ուղղություններում թրենդային է դառնում. «Իրապես սպասելիքները արդարացել են մի քանի անգամ, որովհետև քովիդից հետո և հետպատերազմյան իրավիճակում բացարձակ հույսեր չկայն, որ այսօրինակ հոսքեր կլինեին և շատ լավատեսական տվյալներ են սեզոնի բացման համար: Բավականաչափ ակտիվ է: Հիմնականում գալիս են Երևանից, հիմնականում դպրոցական և ուսանողական խմբեր են, ինչ-որ հաստատությունների կոլեկտիվներ»:
Պարզվում է՝ շաբաթ և կիրակի օրերին Գյումրի հյուրատներում ու հյուրանոցներում ազատ տեղեր չկան:
«Եթե ուզենանք մեկ հյուր տեղավորել, կարծում եմ, խնդիր կունենանք, որովհետև կոնկրետ երեկ ես ստացել եմ 3-4 զանգ 12-15 հոգանոց խմբերի և փորձել եմ իմ ընկերների շրջապատում և այն մարդկանց, ովքեր զբաղվում են հյուրընկալությամբ զանգել և պարզել, և պարզապես հնարավոր չի եղել, մեկ ազատ մահճակալ չի եղել: Սա խոսում է, որ գերհագեցած վիճակում է, և շատ լավ է ու շատ կարևոր, որ կարողանանք այս թե՛ թրենդը, թե՛ հետաքրքրվածությունը պահել», - ասաց Գասպարյանը:
Առայժմ ակտիվ է ներքին տուրիզմը: Արտերկրից զբոսաշրջիկների այցելությանը դեռևս մեծապես խոչընդոտում է համավարակը, սակայն պատվաստումները կարող են իրավիճակ փոխել: