Ստամբուլը կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը հյուրընկալելու իրավունքից

Չեմպիոնների լիգայի՝ մայիսի 29-ին Ստամբուլում կայանալիք «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» եզրափակիչ խաղի անցկացումը հարցականի տակ է։ Պատճառը Մեծ Բրիտանիայի կառավարության՝ երեկ երեկոյան հրապարակած որոշումն է, որի համաձայն Թուրքիան ընդգրկվել է համաճարակաբանական ծանր կացություն ունեցող երկրների ցանկում։ Այդ մասին Լոնդոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանտ Շափսը։

«Վախենամ, որ մենք պետք է ստիպված լինենք Թուրքիան ընդգրկել այսպես կոչված «կարմիր ցուցակում», ինչն իր հերթին որոշակի հետևանքներ կունենա։ Նախևառաջ դա կնշանակի, որ ֆուտբոլասերները զրկված կլինեն՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչին ներկա գտնվելու նպատակով Թուրքիա ուղևորվելու հնարավորությունից։ Մենք, իհարկե, եզրափակիչը ուրախությամբ կանցկացնեինք Մեծ Բրիտանիայի տարածքում, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի ՈւԵՖԱ-ն», - հայտարարում էր Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը։

Բրիտանական կառավարության որոշման պատճառը Թուրքիայի տարածքում կորոնավիրուսի նոր ալիքի մեկնարկն էր։ Մայիսի 5-ին երկրի տարածքում ավելի քան 27 հազար նոր վարակակիր էր հայտնաբերվել, համապետական լոքդաունը Թուրքիայի տարածքում գործելու է մինչև մայիսի 17-ը։