Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրամիության գրական մրցանակաբաշխությանը

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակներում այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրամիության գրական մրցանակաբաշխությանը, որը հիմնադրվել է 2009 թվականին: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցում է 14 երկիր:

Մասնակից յուրաքանչյուր երկրում նախապես ձևավորվում է մրցութային հանձնաժողով, որի անդամներն ընտրվում են Եվրոպական Միության գրական մրցանակաբաշխության նախաձեռնող կոնսորցիումի կողմից: Հայաստանի ազգային հանձնաժողովի նախագահն է արձակագիր Արմեն Օհանյանը: Ի դեպ՝ Եվրոպական միության գրական այս մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել միայն արձակագիրները՝ իրենց հրատարակած վերջին գրքով:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց Հայաստանի մրցութային հանձնաժողովի անդամ, «Արի» գրական գործակալության հիմնադիր տնօրեն Արևիկ Աշխարոյանը, Հայաստանից ներկայացված են 5 հեղինակի մեկական գիրք:

«Կազմակերպվել է, հիմնադրվել է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում և իրականացվում է մի խումբ կազմակերպությունների կողմից, եվրոպական գրողների: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում, մասնակցության կարգը հետևյալն է՝ երկրները, որոնք մասնակցում են, ամեն տարի տարբեր են, այսինքն մենք կարող է մյուս տարի չլինենք այդ ցանկում, բայց այս տարի կանք: Մրցանակի կազմակերպիչներն իրենք են նշանակում ժյուրիի անդամներին յուրաքանչյուր երկրում մասնակից: Մրցանակը շատ խիտ պայմաններ է ներկայացնում, թե ովքեր կարող են մասնակցել, նրանք պետք է լինեն իրենց կարիերայի սկզբում գտնվող հեղինակներ, որոնք ունեն առնվազն երկու, առավելագույնը չորս հրատարակված գիրք և վերջին գիրքը պետք է հրատարակված լինի վերջին 18 ամսվա ընթացքում», - ներկայացրեց Աշխարոյանը:

Հայաստանի մրցութային հանձնաժողովում բացի Արմեն Օհանյանից և Արևիկ Աշխարոյանից ընդգրկված են նաև հրատարակիչ Մկրտիչ Մաթևոսյանը, թարգմանչուհի Անահիտ Ավետիսյանը և գրավաճառ Շաքե Հավանը, ովքեր էլ հենց կընտրեն այս տարվա եվրոպական գրական մրցանակի ներկայացված հաղթող գիրքը Հայաստանից: Ինչպես ընդգծում է Արևիկ Աշխարոյանը, հաղթող է ճանաչվում տվյալ հեղինակի վերջին գիրքը, ոչ թե անձամբ հեղինակը:

Ընտրվել են հետևյալ հեղինակների գրքերը՝ Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին» գիրքը, Արամ Պաչյանի «PF»-ը, Հովիկ Աֆյանի «Կարմիր» խորագրով գիրքը, Անուշ Սարգսյանի «Անոն» և Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղին» գիրքը: Երեկ երեկոյան մրցութային հանձնաժողովի անդամները «ԱրտԲրիջ» գրախանութ- սրճարանում հանդիպում էին կազմակերպել հեղինակների և նրանց հրատարակիչների հետ:

Ի պատասխան «Ազատության» հարցի, թե բացի Եվրամիության գրական մրցույթի չափանիշներից, արդյոք նաև գեղարվեստական չափանիշներո՞վ են ընտրվել այս 5 հեղինակների գրքերը, Արևիկ Աշխարոյանն ընդգծեց. «Իհարկե, ի նկատի ենք ունեցել գեղարվեստական չափանիշները, ի նկատի ենք ունեցել մի շարք տարբեր չափանիշներ, այդ թվում՝ գրքի ներկայանալի լինելը, հասկացված լինելը, գրողի կենսագրությունն ենք հաշվի առել և շատ-շատ ուրիշ բաներ»: