Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ Ռուսաստանի հնարավոր քայլերն անհետևանք չեն մնա, վստահեցնում է Բլինքենը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում են Կիևում, 6-ը մայիսի, 2021թ․

Եթե Ռուսաստանը քայլեր ձեռնարկի Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ, դա անհետևանք չի մնա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Ազատության» ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում։

Փաստելով, որ Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի սահմանից ետ քաշել կուտակած զորքը, պետքարտուղարը միաժամանակ նշել է՝ մեծ մասը, սակայն, դեռ մնում է տեղում։ «Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին, և եթե ինչ-որ գործողություններ արվեն, դրանք անարձագանք չեն մնա», - ասել է Բլինքենը, ընդգծելով՝ Միացյալ Նահանգները համագործակցում է Ուկրաինայի հետ՝ համոզվելու, որ Կիևն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր տարածքն ու քաղաացիներին պաշտպանելու համար։

ԱՄՆ պետքարտուղարը նախօրեին էր մեկնել Կիև՝ «ցույց տալու Արևմուտքի անսասան աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»։ Երկրի ղեկավարների հետ բանակցություններից հետո նա Թվիթերում գրել էր․ - «ԱՄՆ-ը վճռական է տրամադրված Ռուսաստանի ագրեսիայի դեմ և հաստատակամ՝ աջակցելու Ուկրաինայի ինքնիշխան, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի համար անհրաժեշտ բարեփոխումներին»: