Քովիդի դեմ պատվաստում իրականացնող շրջիկ կայանները երեկվանից տեղակայվել են Երևանի տարբեր հատվածներում

Երեկվանից Երևանի տարբեր վայրերում կարող եք հանդիպել շտապօգնության մեքենաների, որոնք քովիդի դեմ պատվաստումներ են իրականացնում։

Հագեցած աշխատանքային օրն ու ժամանակի սղությունը մեկն են այն պատճառներից, որ համավարակի դեմ պատվաստմանը հերթ չի հասնում, իսկ երբ այդ հնարավորությունը հենց քթիդ տակ է, այլ բան, քան դրանից օգտվել, չի մնում։ Ես և էլի մի քանի գործընկերներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացանք հենց աշխատանքի ընթացքում։

«Որևէ խրոնիկ հիվանդություն ունե՞ք, ուղեկցող հիվանդությո՞ւն»։ Հյուսիսային պողոտայում տեղակայված կայանում նախ որոշ ստուգումներ անցանք ու մի քանի ճշտող հարցերից հետո պատվաստումն արվեց։ Հաջորդ չափաբաժինը պետք է ներարկվի 8 շաբաթ անց՝ ցանկացած պոլիկլինիկայում։

«Երեք օր ալկոհոլ չեք օգտագործելու, երեք ժամ չեք ծխելու, ֆիզիկական ակտիվություն չեք ցուցաբերում, մնացածն ամեն ինչ լավ է։ Մկանային ցավեր, հոդացավեր, ջերմության բարձրացում կարող է լինել, սրտխառնոց, դիսկոմֆորտի զգացում և վերջ, դրանք կարող են լինել յուրաքանչյուր պատվաստումից հետո, կարող են տևել երկու-երեք օր»,- տեղեկացրեցին շրջիկ կայանի աշխատակիցները։

Պատվաստում իրականացնող շրջիկ կայանները կլինեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ առավոտյան 10։00-ից մինչ երեկոյան 20։00-ը՝ պատվաստելով բոլոր ցանկացող քաղաքացիներին՝ ըստ թիրախային խմբերի։ Ինչպես և նախապես հայտարարվել էր՝ ռուսական Sputnik V-ով կպատվաստվեն միայն 18-ից 54 տարեկան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչներն ու աշխատակիցները, 18-ից բարձր մյուս բոլոր քաղաքացիները՝ բրիտանաշվեդական AstraZeneca-ով։

«Հաշվի առնելով նաև բնակչության պահանջարկը և մատչելիությունը, հասանելիությունը, որպեսզի կարողանանք ապահովել, որոշում կայացրեցինք, որ շարժական պատվաստումային կետեր Երևանում և նաև Վանաձորում և Գյումրիում ծավալենք, որպեսզի բնակչության համար հասանելի լինի։ Այս պահին կա նաև «Դալմայում», կլինի նաև «Մեգամոլում», - ասաց Հիվանդությայունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը։

Որ որոշումը ճիշտ էր, ցույց տվեց քաղաքացիների հետաքրքրությունն արդեն իսկ առաջին օրվանից, ասում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրենը։

Առաջին 4 ժամվա ընթացքում 16 քաղաքացի պատվաստվեց։ Ընդ որում, հետաքրքրությունը մեծ է ոչ միայն Հայաստանի, այլև օտարերկրյա քաղաքացիների կողմից։ Պատվաստվողներից մեկն էլ Լիբանանի քաղաքացի էր․ - «Վաղուց էինք ուզում պատվաստվել, բայց հիմա որ ճանապարհին տեսավ, ասեց՝ պատվաստվեմ, բայց որոշել էինք, ես էլ եմ ուզում»։

Պոլիկլինիկաների հերթապահ խմբերը 4-ժամանոց հերթապահություններ են իրականացնելու։

«Նոր տեսա, պատվաստվեցի, եթե պոլիկլինիկա գնալու կարիք լիներ, չէի գնա, հեռու ա, հետո հերթն ա շատ լինում», - ասաց պատվաստվող քաղաքացիներից մեկը։

Պատվաստվելու ցանկությունը օր օրի աճում է, ասաց Գայանե Սահակյանը․ - «Եթե նախկինում սկսման օրից օրական 30-ից 40 դեղաչափ էինք անում, վերջին օրերին հասել ենք մինչև 1000 դեղաչափի, երեկվա տվյալներով՝ մոտ 5 հազար քաղաքացի պատվաստում է ստացել արդեն»։

Պատվաստումները Հայաստանում սկսվեցին ապրիլի 13-ից։ Այս նպատակով ձեռք է բերվել AstraZeneca՝ նախատեսված 12 հազար մարդու համար, 21 հազար 500 մարդու համար՝ Sputnik V, և 50 հազար հոգու համար էլ չինական CoronaVac։ Այս պատվաստանյութն, ամենայն հավանականությամբ, արդեն երկուշաբթի օրվանից հասանելի կլինի պոլիկլինիկաներում՝ ասաց Գայանե Սահակյանը։

Վերջին պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում պատվաստվել է բնակչության մոտ 0.2 տոկոսը։