Սերժ Սարգսյանի գրասենյակը հիշեցնում է Տեր-Պետրոսյանին, որ իրենք դաշինք են կազմել «Հայրենիքի» հետ

Արձագանքելով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից արձագանքում են, թե զարմանալի էր այս հրապարակումը՝ առանց հանդիպման մյուս կողմերին նախապես տեղեկացնելու։

«Միևնույն ժամանակ հիշեցնում ենք Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահի հայտնած դիրքորոշումը առ այն, որ ՀՀ առաջին նախագահի ներկայացրած առաջարկի քննարկումները հեռանկարային և արդյունավետ կարող էին դիտվել բոլոր կողմերի սկզբունքային համաձայնության դեպքում։

Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու՝ ՀՀ առաջին նախագահի կողմից այսօր կրկին արված առաջարկին, ապա հիշեցնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցությունը ընդամենը օրեր առաջ իր որոշումը ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև ձևաչափի վերաբերյալ կայացրել է և հրապարակել:

Սերժ Սարգսյանի դիրքորոշումն է, որ ստեղծված իրավիճակում խնդրի լուծման համար անհրաժեշտ է ընտրել արդյունավետ մարտավարություն, ուստի կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով», - ասված է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարության մեջ:

Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Տեր -Պետրոսյանն այսօր հրապարակային առաջարկ է արել երկրորդ և երրորդ նախագահներին՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Քիչ առաջ նաև երկրորդ նախագահի գրասենյակից էին արձագանքել:

«Մենք արդեն ընտրել ենք մասնակցության այլ ձևաչափ, որի մասին կհայտարարենք ամենամոտ ապագայում», - Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արձագանքում էր ասված:

Հիշեցնենք նաև, որ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նախագահած «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու որոշում ունի: