Դավաճանը, կապիտուլյանտն ու հողատուն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, հայտարարում է Նիկոլ Փաշինյանը

Դավաճանը, կապիտուլյանտն ու հողատուն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, այսօր հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այս շաբաթ արդեն երկրորդ անգամ Փաշինյանին հարցրեց Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի մասին, որտեղ երրորդ նախագահը մեղադրում էր վարչապետի պաշտոնակատարին՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը տապալելու համար։

«Բա ո՞ւմ կետից պետք է սկսեինք, պետք է ասեի՞նք` լավ, Սերժ Սարգսյանը 7 շրջանը և Ղարաբաղի կեսը տալիս էր, դե մենք էլ այն մյուս կեսն ենք տալիս, որպեսզի պատերազմ չլինի: Դե եկեք, պարզենք` ով է դավաճանը, դե եկեք, պարզենք` ով է կապիտուլյանտը, դե եկեք, պարզենք` ով է հողատուն: Ես ասում եմ` դուք եք` Տոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք: Մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ եք ձեր դավաճանությունը շարունակել եք: Մենք պայքարել ենք ձեր հողատու լինելու դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր հողատու էությամբ շարունակել եք ձեր գործունեությունը: Մենք պայքարել ենք ձեր գրած կապիտուլյացիայի դեմ, բայց դուք ամեն ինչ արել եք հանուն կապիտուլյացիայի, մենակ այն, որ ձեր վարչապետի թեկնածուն ասում էր` զանգում էինք գեներալներին, ասում էինք` արա, ձեր թշնամին էտտեղ չի, ձեր թշնամին էստեղ ա», - հայտարարեց Փաշինյանը:

«Եթե այդքան ակնհայտ էր, որ պատերազմ լինելու է, արդյոք մենք պատշաճ կերպով պատրաստվել ենք այդ պատերազմին». սա Փաշինյանին ուղղված երկրորդ հարցն էր, որին ի պատասխան` վարչապետի պաշտոնակատարը իր հեռախոսից ինչ-որ փաստաթուղթ բացեց ու սկսեց կարդալ 2 տարվա ընթացքում բանակում իրականացված համալրումները. «Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել. «Ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ 18-20 թվականների ընթացքում, զինվորների կենցաղի ապահովման կառույցները` 2,7 անգամ»:

Փաշինյանը, ով շաբաթվա սկզբին պատգամավորներից մեկին մեղադրում էր սահմանի անմխիթար վիճակի վերաբերյալ հարցով հակառակորդին օգնելու և պետական գաղտնիքը չկարևորելու մեջ, այս ցանկը դեռ երկար շարունակեց։

«Լուսավոր Հայաստանից» Սրբուհի Գրիգորյանը պաշտպանության նախարարից հետաքրքվեց Սյունիքի սահմաններից. «Երեք ադրբեջանական զինվորներ բռնության են ենթարկել մեր քաղաքացուն: Ես խնդրում եմ պարզաբանել` ի՞նչ է սա»:

Նախարարն ասում է՝ դեպքը տեղի է ունեցել, որովհետև հովիվն է մոտեցել ադրբեջանական դիրքերին։ Ապա հավելեց՝ միջադեպեր տեղի են ունենում նաև Երևանում, Իջևանում, Նոյեմբերյանում. «Այն միջադեպն, ինչ որ Դուք ասում եք, տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է դիրքերին, և այնտեղ քաշքշուկ է եղել, որի արդյունքում հետո հարթվել է դա: Միջադեպերը լինում են Երևանում, Իջևանում, Նոյեմբերյանում, իհարկե, այստեղ որպեսզի բացառվեր դա, դա համապատասխան մարմինները պետք է իրազեկեն քաղաքացիներին, աշխատանք տանեն, որ այս դիրքերին պետք չէ մոտենալ: Նույն միջադեպերը լինում են իրենց հետ և կարող է ավելի շատ: Սա բնական շփման գծի կյանքն է, որը գնում է»: