Ավելի քան 22 մլն դրամի հափշտակություն Ստեփանավանի համայնքապետարանում, հարուցվել է քրգործ. դատախազություն

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կողմից 2016-2020 թվականների ընթացքում փոխադրամիջոցների գույքահարկի և աղբահանության վճարների հավաքագրման գործընթացները:

Ուսումնասիրության արդյունքում, ըստ դատախազության, պարզվել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կողմից փոխադրամիջոցների գույքահարկի փաստացի հավաքագրման ընդհանուր չափը 2018-2020թթ. կազմել է մոտ 123,4 միլիոն դրամ: Մինչդեռ համայնքի բյուջե է մուտքագրվել մոտ 114 միլիոն դրամ կամ 9,4 միլիոն դրամով պակաս:

Բացի այդ, 2016-2020թթ. համայնքի աղբահանության վճարների հավաքագրման ընդհանուր չափը կազմել է 133 միլիոն դրամ, սակայն համայնքի բյուջե է մուտքագրվել 120,4 միլիոն դրամ կամ մոտ 12,7 միլիոն դրամով պակաս:

«Փաստորեն Ստեփանավան համայնքի պատասխանատու պաշտոնատար անձինք, 2016-2020թթ. համայնքի փոխադրամիջոցների գույքահարկի և աղբահանության վճարների գծով փաստացի հավաքագրելով ընդհանուր շուրջ 256.5մլն դրամ, համայնքի բյուջե են մուտքագրել միայն մոտ 234.4մլն ՀՀ դրամ՝ այսինքն առերևույթ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 22մլն. ՀՀ դրամ գումար», - ասված է հաղորդագրությունում:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե: