«Հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին», - հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am-ում հրապարակած հոդվածում, որտեղ անդրադառնում է «Եթե երեք նախագահները միանային» խորագիրը կրող հոդվածին։
Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ մարտի 25-ին կայացած ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպում կայացել էր իր նախաձեռնությամբ և իր կողմից կազմված հետևյալ հայտարարությունն ընդունելու առաջարկով.
«Նկատի ունենալով՝ պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը, ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից և բախումներից խուսափելու հրամայականը, իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները,
ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը,
Հայտարարում ենք՝
որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:
Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից։
Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից և դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով։
Լևոն Տեր-Պետրոսյան
Ռոբերտ Քոչարյան
Սերժ Սարգսյան
Երևան, 25 մարտի 2021թ.»
Քննարկում, ըստ առաջին նախագահի տեղի չի ունեցել, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժել է այդ առաջարկը, դա պատճառաբանելով, որ «դրանով դավաճանած կլինի իր կողմից ստեղծված «Հայաստանի փրկության շարժմանը»։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա որևէ կարծիք չի արտահայտել»։
«Այսօր ես հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին: Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները: Համոզված եմ, որ համապատասխան հասարակական ճնշման պարագայում դա միանգամայն իրականանալի ծրագիր է, որը թերեւս նոր աղետներից խուսափելու միակ ելքն է», - նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը։