Պաշտոնական Թեհրանը կտրականապես հերքում է երեկվանից շրջանառվող այն տեղեկությունները, որոնց համաձայն Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունները տապալման եզրին են։
Այս խոսակցությունները ակտիվացան երեքշաբթի երեկոյան, երբ Իրանի իշխանությունների կողմից ֆինանսավորվող Press TV անգլալեզու հեռուստաալիքը, սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով, հաղորդեց, որ իրանցի դիվանագետները պատրաստ են դադարեցնել բանակցությունները, եթե Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները չվերացվեն։
«Այդ պատժամիջոցների վերացման հարցում Միացյալ Նահանգների ցուցաբերած համառությունը կհանգեցնի բանակցություններ վերջնական դադարեցմանը», - փոխանցել է Press TV-ի աղբյուրը՝ պնդելով, որ Վիեննա ժամանած իրանական պատվիրակությունը պահանջում է չեղարկել այն բոլոր պատժամիջոցները, որոնք սահմանվել կամ լրացվել էին ոչ միայն Դոնալդ Թրամփի, այլև Բարաք Օբամայի նախագահության տարիներին։
Press TV-ի այս հաղորդագրությունը, սակայն, ուրջ դժգոհություն առաջացրեց հատկապես Վիեննայում ամերիկացիների և աշխարհի ևս հինգ առաջատար պետությունների ներկայացուցիչների հետ բանակցող իրանցի դիվանագետների շրջանում։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը այսօր առավոտյան կտրականապես հերքեց Press TV-ի հաղորդագրությունում տեղ գտած պնդումները։
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթեբզադեն այսօր Թեհրանում հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ նշելով, թե Վիեննայում ընթացող բանակցությունները բավական դժվար են ընթանում, դրանց ընդհատման մասին խոսք անգամ չկա։
«Իրանի և Միացյալ Նահանգների միջև տարաձայնությունների պակաս Վիեննայում չկա, քանի որ ամերիկյան կողմի մի շարք մոտեցումները մեզ համար անընդունելի են։ Դա է պատճառը, որ Վիեննա մեկնած իրանական պատվիրակությունը բանակցությունները վարում է առավելագույն զգուշավորություն և զսպվածություն ցուցաբերելով», - նշել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
«Հերթական անգամ լրատվամիջոցները սեփական աղբյուրների վրա հիմնվելով տեղեկություններ են հաղորդում, որոնք ինչպես և նախորդ մի շարք դեպքերում, ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև աղավաղում են Վիեննայում ընթացող բանակցությունների էությունը։ Հավատացնում եմ ձեզ, եթե ամերիկյան կողմը պատժամիջոցների վերացման հարցում համառություն ցուցաբերեր, ապա իրանական պատվիրակությունը կլքեր բանակցությունները», - հայտարարել է Խաթիբզադեն։
Ուշագրավ է, որ հնարավոր դիվանագիտական տապալման մասին խոսակցությունները իրանական լրատվամիջոցներում սկսեցին շրջանառվել բանակցությունների որոշիչ փուլի շեմին։ Բանն այն է, որ բանակցություններին մասնակցող դիվանագետները Ավստրիայի մայրաքաղաքում հավաքվելու են մայիսի 7-ին՝ ըստ ամենայնի քննարկելով արդեն իսկ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների հետագա ճակատագիրը։ Իսկ այն, որ նման պայմանավորվածություններ առկա են, անցած շաբաթավերջին հաստատեց Վիեննայում բանակցող իրանական պատվիրակության ղեկավարը՝ փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։
«Այժմ մեր տրամադրության տակ որոշակի տեքստ կա, որ կազմվել է արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքում։ Այժմ մենք աշխատում ենք այդ տեքստում առկա ձևակերպումների, կետերի և հոդվածների վրա։ Դա այնքան էլ հեշտ գործ չէ, դա ժամանակ է պահանջում, և հենց դա է բավական դանդաղ առաջընթացի պատճառը», - հայտարարել էր Արաքչին։
Բանակցություններին վերաբերող որոշ փակագծեր իրանական պատվիրակության ղեկավարը բացեց անցած հանգստյան օրերին, հայտարարելով, որ առաջինը կարող են վերացվել Իրանի բանկային և նավթարդյունաբերության ոլորտների, ինչպես նաև Իսլամական Հանրապետությունը ներկայացնող մի շարք պաշտոնյաների դեմ սահմանված պատժամիջոցները։ Ավելին, որոշ արևմտյան դիվանագետներ չեն բացառում, որ վերջնական համաձայնությունը կարող է ձեռք բերվել արդեն այս ամիս՝ մինչև մայիսի 21-ը։
Նման իրավիճակում հարց է ծագում՝ եթե բանակցությունները Թեհրանի համար քիչ թե շատ բարենպաստ ընթացք ունեն, որո՞նք են պարբերաբար ծագող տեղեկատվական արտահոսքերի պատճառները, որոնք ավտոմատ կերպով նվազեցնում են պայմանավորվածությունների ձեռքբերման հավանականությունը։
Արևմտյան աղբյուրների պնդմամբ՝ այդ ամենի պատճառը Իրանի իշխանության ներսում առկա երկու թևերի՝ պահպանողականների և չափավոր հայացք ունեցողների միջև չդադարող պայքարն է, որն էլ ավելի է թեժացել հունիսին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին։ Որոշ աղբյուրներ չեն բացառում, որ պահպանողականները անում են հնարավորը Վիեննայի բանակցությունները տապալելու համար՝ երկու խնդիր լուծելու նպատակով։ Նվազագույն խնդիրը՝ չափավորականների աղմկալի դիվանագիտական հաղթանակը կանխելն է, քանի որ այն երկրի ներսում կարող է վերածվել նաև ընտրական հաղթանակի։ Իսկ պահպանողականների առավելագույն, ռազմավարական նպատակը՝ Իրանը միջուկային պետության վերածելն է՝ անգամ արևմտյան պատժամիջոցների պահպանման գնով։ Այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը, ըստ պահպանողականների, հենց Վիեննայում ընթացող բանակցություններն են։