Ստամբուլում գտել են ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստի դին

Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ Բայրամ Մամադով, արխիվ

Ստամբուլում գտել են ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ Բայրամ Մամադովի դին, թե ինչ հանգամանքներում է մահացել երիտասարդը՝ առայժմ հստակ չէ։ Թուրքիայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։

Մամադովը տարիներ առաջ Ադրբեջանի իշխանությունների թիրախում էր հայտնվել, երբ քաղաքական կարգախոսներ էր թողել Հեյդար Ալիևի հուշարձանի վրա։ Օրեր անց Մամադովը ընկերոջ՝ Գիյաս Իբրահիմովի հետ ձերբակալվել էր և տասը տարվա ազատազրկման դատապարտվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը շինծու էր որակել մեղադրանքն ու պնդել՝ երիտասարդները ճաղերի ետևում են իրենց քաղաքական հայացքների պատճառով։

Ակտիվիստներն ազատ էին արձակվել 2019-ին, երբ նախագահ Իլհամ Ալիևը ներում էր շնորհել մոտ 400 բանտարկյալների։