Վաղարշապատում ինքնաձիգով կրակել են մեքենայի վրա, մի մարդ սպանվել է, մյուսը՝ վնասվածքներ ստացել

Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի

Քննչական կոմիտեն հայտնում է, որ մայիսի 4-ին` ժամը 22:35-ին, բժշկական կենտրոնից Վաղարշապատի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ: Քիչ անց ստացվել է ևս մեկ ահազանգ, որ «Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ:

Ըստ կոմիտեի՝ պարզվել է, որ մայիսի 4-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ վերոնշյալ երիտասարդներին սպանելու նպատակով, ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել տղամարդկանց ուղղությամբ, որոնք գտնվել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ, և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է։