Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):
Հարությունյանն, ըստ ՀՔԾ-ի, այժմ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել 300․1 հոդվածը․ որով Մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա նախկին ենթականերին։
Գեներալ-գնդապետ Հարությունյանն ավելի քան երկուսուկես տարի Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ է որպես առանցքային մեղադրյալ։ Հայտնի է, որ նա գտնվում է Ռուսաստանում, իսկ այդ երկիրը հրաժարվել է Միքայել Հարությունյանին արտահանձնել Հայաստան՝ նրա ՌԴ քաղաքացի լինելու պատճառաբանությամբ։