Նախագահը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է Սյունիքում ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

Հայաստանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին:

Նախագահի աշխատակազմը հայտնում է, որ Հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին ներկայացրել է ներկայումս իրականացվող ծրագրերը, ինչպես նաև առաջիկա աշխատանքները:

Արմեն Սարգսյանն անդրադարձել է վերջերս Սյունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցին և մարզի բնակչության կողմից բարձրացված խնդիրներին: Նա մասնավորապես կարևորել է մարզի սահմանամերձ համայնքների, բնակչության կենցաղային, սոցիալ-տնտեսական կարիքների բավարարմանն ուղղված ծրագրերի իրականացումը և դրանցում հիմնադրամի հնարավոր ներգրավվածությունը: