Ոստիկանությունը հայտնում է, որ պարզել է Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանն ու պատվանդանը վնասած անձի ինքնությունը։
Ըստ հաղորդագության՝ Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը մայիսի 3-ին բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք՝ ապրիլի վերջին համացանցում տարածվեց կրակի մատնված Հնդկաստանի առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանի լուսանկարը։
Արտգործնախարարությունը խստորեն դատապարտեց արձանի հրկիզումը՝ տեղի ունեցածը որակելով սադրանք՝ ուղղված դարավոր և դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ:
Նշենք, որ Մահաթմա Գանդիի արձանը Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու որոշումը Երևանի ավագանին կայացրել է դեռ նախորդ տարվա ապրիլի 18-ին՝ 43 կողմ, 2 ձեռնպահ ձայներով։ Որոշման համար հիմք էր հանդիսացել Հայաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկը, արտաքին գերատեսչությանն էլ իր հերթին դիմել էր հնդկական կողմը՝ Գանդիի 150-ամյակի կապակցությամբ։ Արձանի տեղադրման վերաբերյալ կարծիքները հակասական են։