Ամենայն հավանականությամբ ՀՀԿ-«Հայրենիք» ցուցակը կգլխավորի Արթուր Վանեցյանը, հայտնում է Արսեն Բաբայան

Ամենայն հավանականությամբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության ու Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ տնօրեն նշանակված ու այդ պաշտոնից հեռացված Արթուր Վանեցյանի նախագահած «Հայրենիքի» դաշինքի ցուցակը կգլխավորի հենց Վանեցյանը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար մարմնի խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Դաշինք կազմելու մասին օրերս Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել էր փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Հայրենիք» կուսակցության խորհուրդը հայտարարել էր, որ որոշել են մասնակցել ընտրություններին և սկսել է Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ Արսեն Բաբայանի հետ հարցազրույցից.

«Ազատություն» - Ո՞վ է վարչապետի ձեր թեկնածուն:

Արսեն Բաբայան - Այս պահին չկա այդ քննարկումը: Մեր կուսակցության, դաշինքի մասին չեմ խոսում, մեր կուսակցության վարչապետի թեկնածուն եղել է և մնում է Արթուր Վանեցյանը: Դաշինքում ով կլինի, ցուցակը երբ կլինի, այդ ժամանակ պարզ կդառնա:

«Ազատություն» - Իսկ քննարկվե՞լ է Սերժ Սարգսյանի` ցուցակը գլխավորելու հարցը:

Արսեն Բաբայան - Նախնական իմ պատկերացումներով կամ մեր նախնական պատկերացումներով` ցուցակը կգլխավորի Արթուր Վանեցյանը, մեր նախնական համաձայնություններով, բայց ինչ կլինի` կլինի, երբ որ վերջնական որոշումը կլինի, ցուցակը մենք կտեսնենք:

«Ազատություն» - Ճի՞շտ է, որ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը ձեր ցուցակում է լինելու:

Արսեն Բաբայան - Քիչ առաջ խոսում էինք ցուցակ չլինելու մասին, հիմա եթե ցուցակը չկա...

«Ազատություն» - Բայց կարող է բանակցություն եղած լինել:

Արսեն Բաբայան - Չեմ կարող ասել, շատ բաներ են բանակակցվել շատ տարբեր քաղաքական ուժերի և անհատների հետ, դրանցից որի արդյունքում նաև ընդունվել է որոշում Հանրապետական կուսակցության հետ գնալ դաշինքով, բայց դրանց մասին ուղղակի չեմ կարող հիմա բարձրաձայնել, որովհետև դրանց շուրջ չկան վերջնական որոշումներ:

«Ազատություն» - Այս օրերին էլ սոցիալական ցանցերով տարածվում է, թե նախկինում Վանեցյանն ինչ էր ասում Հանրապետականի մասին: Ես ուզում եմ հիշեցնել, որ նա բարձր պաշտոն է ստացել հեղափոխությունից հետո, և ինչպես ինքն էր ասում` պայքարելու ահռելի ունեցվածք դիզած մարդկանց դեմ, նախկին պաշտոնյաների, ինչպես բառացի էր ասում, որ «անցյալին վերադարձին չլինի»: Արդյոք այդ անցյալը Սերժ Սարգսյանը չէ՞ր, և նրան նկատի չունե՞ր, պարո՛ն Բաբայան:

Արսեն Բաբայան - Ո՛չ, բնականաբար ո՛չ, և որևէ բան չի փոխվել:

«Ազատություն» - Հեղափոխությունը ո՞ւմ դեմ էր, եթե ոչ:

Արսեն Բաբայան - Հեղափոխությունը նախկին բարքերի դեմ էր:

«Ազատություն» - Որի մարմնացումը Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը չէ՞ր:

Արսեն Բաբայան - Որևէ անձ որևէ վարքի մարմնացում չի կարող լինել:

«Ազատություն» - Կուսակցությունը, համակարգը:

Արսեն Բաբայան - Որևէ կուսակցություն առանձին չի կարող լինել, դա մի համակարգ էր այսպիսի: Այդ համակարգում կային որոշակի խնդիրներ, և այդ համակարգի վերաբերյալ հնչեցվում էին կամ առաջադրվում էին մեղադրանքներ, որի 90 տոկոսը, իմ տեսնելով, ընդհանրապես հորինվածքներ էին, սուտ էին, որովհետև հակառակ դեպքում այս իշխանությունը գոնե պատասխանատվության միջոցներ կկիրառեր, հետևաբար` մենք եթե նկատի ունենանք անձերին` որպես նախկիններ այսպես ասած, նախկինների կամ նախկին իշխանության ամենավառ ներկայացուցիչներն այսօր այս իշխանության մեջ են` դա գլխավոր դատախազն է, դա Հատուկ քննչական ծառայության պետն է, ոստիկանապետն է, ֆինանսների նախարարն է: Դրանից շատ ավելի նախկիններ ունենք` Գագիկ Ջհանգիրյանն է, Անդրանիկ Քոչարյանն է, բազմաթիվ են, այսինքն` սրա մասին է, որ մենք գործ ունենք ոչ թե նախկինում պաշտոնավարած անձանց հետ, այլ նախկին համակարգային խնդիրների դեմ:

«Ազատություն» - Պարո՛ն Բաբայան, այնուամենայնիվ երբ Դուք ասում եք` այդ տեղեկությունները սուտ դուրս եկան, ես ուզում եմ մեջբերել 2018-ի սեպտեմբերին Արթուր Վանեցյանի ասուլիսից, որ համատեղ Սասուն Խաչատրյանի (ՀՔԾ պետ-խմբ.) հետ էր, նա ասել է. «Սաշիկի 50 տոկոսները բանկում պահած են»: Եթե ԱԱԾ ղեկավարը որպես փաստ սա ներկայացնում է և հիմա դաշինք է կազմում այդ մարդու եղբոր հետ, որը մեղադրվում է թալանի մեջ, կամ ասում էր` մարդասպանները կանգնելու են դատարանի առջև: Չե՞ք կարծում, որ այստեղ խնդիր կա:

Արսեն Բաբայան - Իրավապահ մարմինները օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող, որոնք խոսում են կոնկրետ արարքների շուրջ, պետք է նկատի ունենան, որ նրանք խոսում են իրենց ստացած տեղեկությունների հիման վրա` պաշտոնապես կամ այլ ճանապարհով, և եկեք չմոռանանք, որ նախկին իշխանությունների դեմ մեծ, այպես ասած, պայքար էին սկսել օրինակ` հայտնի սորոսական կազմակերպության ներկայացուցիչները, արտասահմանյան, օտարերկրյա ֆինանսավորմամբ այլ կազմակերպություններ, և այդ պրոցեսների ընթացքում բազմաթիվ հնարավոր դեպքեր կարող են լինել, որ այդ տեղեկությունները ներկայացողները պարզապես ստեղծած, հնարած...

«Ազատություն» - Բայց ինքը որպես փաստ էր ասում պարո՛ն Բաբայան, թուղթը ցույց էր տալիս, ասում էր` Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառքի շնորհիվ կոնկրետ հյուրանոցն է ձեռք բերել: Հիմա, երբ ասում է, որ Քոչարյանի հետ նույն բևեռում եմ, թույլ տվեք ասել, որ այստեղ մի բան այն չէ:

Արսեն Բաբայան - Ես նորից կներկայացնեմ, կրկնում եմ` դրանք փաստեր են, որոնք պետք է գնահատվեն քննչական մարմինների կողմից, և որոշում ընդունվի դատարանի կողմից:

«Ազատություն» - Այդքանը միայն բավարար չէ՞ր, որ նա Քոչարյանի, Սարգսյանի հետ չհամագործակցեր:

Արսեն Բաբայան - Դուք տեղյա՞կ եք` սեպտեմբերի 27-ին ինչ սկսվեց Հայաստանի Հանրապետությունում, և ինչպես ավարտվեց նոյեմբերի 9-ին: Տեղյա՞կ եք այդ մասին:

«Ազատություն» - Այսինքն` այս թեման, պատերազմը այդ անցյալի շուրջ տարաձայնությունները փակո՞ւմ է:

Արսեն Բաբայան - Ես զարմանում եմ, որ ընդհանրապես 5000 զոհերի պարագայում, Արցախի 75 տոկոսը կորցնելու պարագայում մենք որևէ այլ հարց ենք քննարկում, զարմանում եմ և հիշեցնում եմ` նախկինում ով ում ինչ է ասել, ով ում հասցեին, հավատացեք` այդ ամենը փոխվել է այն իմաստով, որ հենց նոր հիշեցրի, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում: