Երբևիցե Հայաստանում փոքրիկ մաֆիոզ խմբակներ չեն որոշելու, թե ով պիտի կառավարի երկիրը. Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը համաձայն չէ, որ Հայաստանում համատարած ատելության մթոնոլորտ կա: Նա գտնում է. «Երկրում կան որոշակի խմբակներ, որոնք հիմնականում փոխկապակցված են նախկին իշխանության հետ, որոնք, այո, ատելությամբ են լցված ժողովրդի իշխանության հանդեպ»: «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում պատգամավորն անդրադարձավ գերիների վերադարձի հարցին, Սյունիքի դեպքերին և այլ հարցերի:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Գերիների վերադարձի հարցով միջազգային ճնշումը պետք է մեծացնել. Ռուբինյան

Որպես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի` Ռուբինյանից օգտատերերը հետաքրքրվել էին, թե ինչ գործնական քայլեր են արվում գերիների վերադարձի համար, օրինակ` ԵԽԽՎ-ում ինչ գործնական քայլեր արվեցին:

«Ադրբեջանը եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է վերադարձնել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց ու գերեվարվածներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, Հայաստանն իր այդ պարտավորությունը կատարել է, իսկ Ադրբեջանը իր պարտականությունները չի կարատել կամ կատարել է մասամբ, այս խնդրի լուծումը կախված է միջազգային ճնշումից: Այս առումով վերջին ամիսներին միջազգային ճնշման առումով շարժ կա, երկու հայտարարություն է արել Եվրամիությունը, ԵԽԽՎ միգրացիայի կոմիտեին պատրաստում է զեկույց, ճնշման մեծացման առումով շարժ կա», - ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Ըստ նրա` ամեն կազմակերպության ու ամեն երկրի արձագանք, ամեն ֆորմատ սրա մեջ մեծ ազդեցություն ունի, ու պետք է շարունակել այս ճնշումը:

Ռուբինյանը հավանական չի համարում քաղաքացիական պատերազմը գործող իշխանության վերընտրվելու դեպքում

Ռուբեն Ռուբինյանը համամիտ չէ քաղաքագետների գնահատականներին, թե եթե «Քաղաքացիական պայմանագիրը» վերընտրվի, ապա քաղաքացիական պատերազմի սկիզբ կդրվի, քանի որ վարչապետի պաշտոնակատարից պատերազմից հետո մեծ հիասթափություն կա:

«Այդ տրամաբանությամբ ցանկացած ընտրությունից հետո ցանկացած երկրում պիտի պատերազմ սկսվի, որովհետև մի մասը պիտի քվեարկած լինի հաղթող ուժի օգտին, մյուսը` ոչ: Մեր երկրում կան ուժեր, որոնք ամեն առիթով նման խոսակցություններ են բացում», - ասաց նա: Որպես օրինակ պատգամավորը հիշեցրեց ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի և այլ զինվորականների հայտարարությունը` վարչապետի հրաժարականի պահանջով:

«Այս խոսակցություններն ուռճացված են, որպեսզի լինի քաղաքացիական պատերազմ, պետք է լինեն երկու կամ ավելի քաղաքացիների խմբեր, որոնք պատրաստ են իրար արյուն թափել, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը իմաստուն է այդ առումով և երբևէ թույլ չի տալու, որպեսզի այդպիսի բան լինի: Ատելության մթնոլորտ կա իշխանությունից զրկված որոշակի կրիմինալ խմբակների մոտ ժողովրդի հանդեպ և ժողովրդի որոշակի մասի կողմից նրանց հանդեպ, բայց ընդհանուր առմամբ մենք ունենք համերաշխ հասարակություն, որի անդամները կարող են լինել տարբեր ուժերի համակիրներ, բայց սա չի բերելու բախման»:

Իշխանական պատգամավորը նաև համամիտ չէ իրավապաշտպանների հետ, թե ատելության մթնոլորտը Հայաստանում երբեք այսքան բարձր չի եղել: Իրավապաշտպանները նշում են, որ ատելության մթնոլորտի սկիզբը դրեց իշխանությունը` սև ու սպիտակների բաժանելով:

«Երբ կան որոշակի խմբեր, որոնք իրենց պահում են կազմակերպված լկտի, օրինակ` նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը որևէ մեկը կարո՞ղ է լջորեն պնդել, որ կառավարության, ԱԺ-ի շենք, կառավարական ամառանոց ներխուժած մարդիկ ուղղակի հուզումնալից քաղաքացիներ էին սովորական, ինչ-որ մեկը դա կարո՞ղ է պնդել, ոչ, դա կազմակերպված խուժանների խմբակ էր, և այսպես տարբեր դեպքեր: Պարզվել էր, որ այնտեղ ներկաներից ցանկացածը ուղղակի կապ ունի մեր շատ հայտնի և անհայտ քաղաքական ուժերի հետ:

Մեր երկրում կան որոշակի խմբակներ, որոնք հիմնականում փոխկապակցված են նախկին իշխանության հետ, որոնք, այո, ատելությամբ են լցված ժողովրդի իշխանության հանդեպ, նկատի ունեմ ժողովրդի իշխանության հանդեպ ընդհանրապես, որ կարող են իրենք իշխել: Այս առումով ատելության մթնոլորտ կա»:

Սյունիքի դեպքերի մասին

Սյունիքի դեպքերի մասին «Իմ քայլի» ներկայացուցիչն ասաց, որ ոչ ոք չի կարող չհամաձայնել, որ պատերազմի ավարտի հանգամանքներից ելնելով Սյունիքը հայտնվել է առանձնահատուկ իրավիճակում, և որ սրա հետևանքով կարող են լինել դժգոհություններ, սակայն ինքը հավատում է, որ այս մարզի բնակիչները, ինչպես և մյուս մարզերինը կիրթ, դաստիարակված և արժանապատիվ քաղաքացիներ են, որոնք իրենց չեն կարող թույլ տալ հանրայնորեն հայհոյել: «Խնդիրը պահվածքի վերաբերյալ է, և այն շրջանակները, որոնք Սյունիքում իրենց պահում էին վերջին լկտիի պես, հայտնի են, և նրանք ամենևին անկախ քաղաքացիներ չեն», - ասաց նա:

«Նոր Ազգային ժողովը կլինի նույնքան լեգիտիմ»

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր` արդյոք նորընտիր Ազգային ժողովը կլինի նույնքան լեգիտիմ, որքան 2018-ի ընտրություններից հետո: Ի պատասխան` Ռուբեն Ռուբինյանը նկատեց, որ գործող խորհրդարանը ձևավորվել էր թափանցիկ և արդար ընտրություններում, և նորը ևս այդպես է ձևավորվելու:

«Նոր խորհրդարանը լինելու է նույնքան լեգիտիմ, որքան նախորդը», - հայտարարեց նա: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր գործիչների, օրինակ` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի տեսակետին, թե այս անգամ իշխանությունները ընտրությունները կեղեծելու առիթ ունեն, նա արձագանքեց. «Չեմ կարծում, որ Իշխան Սաղաթելյանը և/կամ ընդդիմադիր ողջ թևի ասածները հիմք են իմ կամ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար, առավել ևս, որ այդ ուժերը հայտնի են իրենց ընտրակեղծարար անցյալով, և ես ասում եմ, որ այո, մեր քաղաքական ուժը` գործող իշխանությունը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրությունները լինելու են արդար, և դա մեր հավատամքն է»:

Ռուբեն Ռուբինյանը նաև շեշտեց. «Երբևիցե Հայաստանում փոքրիկ մաֆիոզ խմբակներ չեն որոշելու, թե ով պիտի կառավարի երկիրը, թե ով է որոշելու Հայաստանում իշխանություն, որոշելու է ժողովուրդը»: Դիտարկմանը, որ 2018-ին էլ էր այդպես ասվում, պատգամավորը պատասխանեց, թե այդ խոստումը կատարվեց:

«Հայաստանի մի շարք նախկին ղեկավարներ Հայաստանին մեղադրում են պատերազմ սանձազերծելու մեջ, սա անընդունելի է»

Ռուբեն Ռուբինյանը, չի կարծում, թե արցախյան երրորդ պատերազմի սկսելու պատճառներից մեկը, ինչպես օգտատերն է նշել, խորհրդարանական դիվանագիտության ձախողումն էր։

«Եթե պնդումը հետևյալն է, որ մեր դիվանագիտությունն է տապալվել, դրա համար պատերազմ եղավ, ես կարծում եմ, որ դա ինչ-որ չափով մաքրում է Ադրբեջանին մեղքից։ Ստացվում է Ադրբեջանը պուպուշ, կառուցողական և խաղաղասեր երկիր էր, բայց մեր դիվանագիտությունը տապալվեց և Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ։ Այն առումով, որ այո, դիվանագիտությունը կարող է իր հնարավորությունների շրջանակներում ազդել այս կամ այն գործընթացի վրա, այո՛, դա ճիշտ է, բայց եկեք ֆիքսենք, որ երբ դու գործ ունես մի երկրի հետ, որը 30 տարի պատրաստվում է պատերազմի ու երբեք չի թաքցրել իր էդ ցանկությունը, ինչ-որ մասերում այդ պատերազմը դառնում է անխուսափելի, և,, ի վերջո ինչո՞ւ եղավ այդ պատերազմը, իմ պատասխանը հետևյալն է՝ որովհետև իրավիճակը հասել էր մի կետի, որ Հայաստանը կա՛մ պիտի ընդուներ անընդունելի բաներ, կա՛մ լինելու էր պատերազմ», - ասաց Ռուբինյանը։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը միևնույն ժամանակ ընդգծեց՝ Հայաստանի մի շարք նախկին ղեկավարներ վերջին շրջանում Հայաստանին մեղադրում են պատերազմ սանձազերծելու մեջ։ Նա դա անընդունելի համար։

«Ես մի բան էլ ասեմ՝ Հայաստանի մի շարք նախկին ղեկավարներ վերջին շրջանում անում են մի բան, որը ոչ մի կերպ չի կարող ինձ համար ընդունելի լինել, իրենք Հայաստանին մեղադրում են պատերազմ սանձազերծելու մեջ։ Իրենց թվում է, թե իրենք Նիկոլ Փաշինյանին են մեղադրում պատերազմ սադրելու մեջ, բայց իրենք չեն հասկանում, որ միջազգային տեսանկյունից, միջազգային իրավունքի տեսանկյունից, միջազգային քաղաքականության տեսանկյունից, պատմության տեսանկյունից, եթե դու երկրի ղեկավարին՝ այդ պահին գործող երկրի ղեկավարին, մեղադրում ես պատերազմ սադրելու մեջ, երկրին ես մեղադրում պատերազմ սադրելու մեջ։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոն զբաղեցրած անձը, հրապարակային ասում է, որ Հայաստանը պատերազմի ժամանակ թիրախավորել է Գյանջայի խաղաղ բնակչությանը և դրանից հետո են ադբեջանցիներն ակտիվորեն սկսել գնդակոծել Ստեփանակերտը, Մարտունին և այլն։ Ի՞նչ է սա, եթե ոչ ցուցմունք սեփական երկրի դեմ, ընդ որում, կեղծ ցուցմունք, որովհետև Հայաստանը երբեք չի թիրախավորել խաղաղ բնակչության, և, ի վերջո, ի՞նչ է ստացվում՝ ավելի լավ է, պարզվի, որ Հայաստանն է մեղավոր պատերազմի համար և նաև Նիկոլ Փաշինյանը, քան պարզվի, որ երկուսն էլ անմե՞ղ են»։

Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.