Հայաստանում զբոսաշրջիկների այցերի աճ է ակնկալվում արդեն երկրորդ եռամսյակի ընթացքում, պնդում է ոլորտի մասնագետը

Վերջին օրերին Երևանի փողոցներում բազմաթիվ՝ հիմնականում ռուս զբոսաշրջիկների կարելի է տեսնել, եղանակի տաքացմանը զուգահեռ շատ ռուսաստանցիներ իրենց գարնանային հանգիստը հենց Հայաստանում են անցկացնում:

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ են հենց Հայաստանն ընտրել, զբոսաշրջիկներից մեկը պատասխանեց. «Շատ հետաքրքիր էր ձեր երկրի մեջ ընկղմվելն ու մարդկանց հետ ծանոթանալը, տուրիստական ընկերությունում եմ աշխատում, Հայաստանն այժմ ամենահայտնի ուղղություններից մեկն է»:

Հարցին էլ՝ «Եթե համեմատեք հետխորհրդային այլ երկրների հետ համաճարակային վիճակն ինչպիսին է այստեղ», զբոսաշրջիկը պատասխանեց. «Ձեզ մոտ քիչ թե շատ հանգիստ է, մարդկանց մոտ վախ չկա»:

Կորոնավիրուսային ու պատերազմական 2020-ից ամենաշատը տուժած ոլորտներից մեկը զբոսաշրջությունն էր, նախորդ տարի զբոսաշրջային գործակալությունների գործունեության անկումը կազմել էր ավելի քան 85 տոկոս։ 2021-ի առաջին եռամսյակի տվյալներն էլ գոհացնող չեն՝ հունվար, փետրվար, մարտ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելի քան 85 հազար է, ասում է Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Անուշ Բաբայանը։

«Ասեմ, որ այդքան էլ բարվոք չեն տվյալները. 86 հազար 524 այցելություն ենք ունեցել ներգնա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է նվազում մինուս 72 տոկոս: Անցյալ տարի առաջին եռամսյակում եղել է շուրջ 307 հազար: Մարտ ամսից սահմանափակումներ են եղել, նոր դրանից հետո էլ չենք ունեցել որևիցե զբոսաշրջային այցելություններ», - նշեց Բաբայանը:

Ըստ 2021 առաջին տվյալների՝ Հայաստան են գալիս հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից ու Ամերիկայի Միացյալ Նահանգներից. զբոսաշրջիկների այցերի աճ է ակնկալվում արդեն երկրորդ եռամսյակի ընթացքում։

«Կարծում ենք, որ ոչ միայն աճ կապահովեն հինգ երկրները, որոնք նշեցի, այլ նաև այցելությունները կակտիվանան նաև ուրիշ երկրներից», - նշեց Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալը:

Անուշ Բաբայանի խոսքով՝ 2021-ի ամբողջ ընթացքում 700 հազար զբոսաշրջիկ ընդունելը հնարավոր կլինի դրական արդյունք համարել։ Նախակովիդյան 2019-ին Հայաստան գրեթե երկու միլիոն տուրիստ էր եկել։ Զբոսաշրջության անկման մասին պարբերաբար ահազանգող Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասում է՝ պետք է անել ամենը ոլորտը պահպանելու համար։

«Գտնում եմ, որ պետք է արագ պետություն- մասնավոր, բոլոր շահագրգիռ կողմերով նստել արագ մշակել կարճաժամկետ իրականացվող ծրագիր՝ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքների չեզոքացման և զարգացման: Այսինքն այն հնարավորությունը տանք մասնավորին և ընդհանրապես ոլորտին, որ նախ թույլ չտանք կորցնել կարողությունները, թույլ չտանք ոլորտի փլուզումը և հնարավորություն տանք զարգանալու», - ասաց Տուրիզմի ֆեդերացիայի նախագահը:

Ապրեսյանն ընդգծում է՝ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է, որ Հայաստանը դուրս գա կորոնավիրուսի պատճառով «կարմիր», այսինքն համաճարակային առումով վտանգավոր համարվող երկրների շարքից. «Շատ երկրներում և հատկապես մեր նպատակային պոտենցիալ շուկաներում չգիտես ինչու կարմիր գծերում ենք դեռևս, այսինքն այն խորհուրդ չտրվող երկրների ցանկում: Ամեն ինչ պետք է անել և՛ Առողջապահության նախարարություն բոլոր հարթակներով ու միջազգային, և՛ անպայման մեր բոլոր դիվանագիտական ուղիներով, և՛ սփյուռքի ամբողջ ներուժն օգտագործելով, մասնավոր հատվածի ողջ ներուժն օգտագործելով, այս բոլոր պետական-մասնավոր համագործակցությամբ ամեն ինչ անել, մեզ այդ ցանկերից հանել»:

Հայաստան մուտք գործելու համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայությունը պարտադիր է, այժմ կառավարությունը դիտարկվում է քովիդի դեմ պատվաստված անձանց մուտքն առանց թեստի թույլ տալու տարբերակը։