Եվրամիության ղեկավարները Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովին հրավիրել են Արտաքին գործողության ծառայություն և բողոք են հայտնել Եվրամիության 8 պաշտոնյաների մուտքը Ռուսաստան արգելելու Կրեմլի որոշման կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Միության խոսնակ Պետեր Ստանոն:
Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ եվրոպական մի շարք երկրներ Ռուսաստանի դիվանագետների են արտաքսել Չեխիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Ըստ Պրահայի, 2014 թվականին զինապահեստների պայթեցումները Ռուսաստանի գաղտնի ծառայությունների գործակալներն են կազմակերպել:
Ճիշտ նման մեղադրանք է ներկայացրել նաև Բուլղարիան: Ռուսաստանը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները:
Ի պատասխան ռուսաստանցի դիվանագետների արտաքսման, Ռուսաստանը եվրոպացի դիվանագետների է արտաքսել:
Ռուսաստանին զայրացրել է նաև բանտարկված ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու մասին Եվրամիության պահանջը: