Իրանական միջուկային գործարքի վերականգնման հարցով միջազգային բանակցությունների վերսկսման և երկրում նախատեսված ընտրություններին ընդառաջ թափ է հավաքում արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի գաղտնազերծված հարցազրույցի շուրջ սկանդալը:
«Մեծ սխալ»․ այսպես է արձագանքել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին արտգործնախարարի հարցազրույցին, որում իրանական դիվանագիտության ղեկավարը խստորեն քննադատում է երկրի ուժային կառույցների ներկայացուցիչներին դիվանագետների աշխատանքին միջամտելու համար՝ հաստատելով կասկածները, որ իր դերը` որպես դիվանագետի, խիստ սահմանափակված է միջազգային ասպարեզում։ Արտգործնախարար Զարիֆը խոստովանել էր, որ բոլոր որոշումները թելադրվում են գերագույն ղեկավարության կամ զինվորականության կողմից։
Նախօրեին առաջին անգամ հրապարակավ մեկնաբանելով այդ պնդումները` Իրանի առաջնորդը հայտարարել է․ «Դա մեծ սխալ էր, որը չպետք է թույլ տար Իսլամական Հանրապետության որևէ պաշտոնյա»:
Այաթոլլա Խամենեին համոզմունք է հայտնել, թե ոչ միայն Իրանում, այլև «աշխարհի որևէ երկրում» արտաքին քաղաքական ուղղությունը որոշողը ոչ թե Արտգործնախարարությունն է, այլ` գերագույն ղեկավարությունը։
«Արտգործնախարարությունն ընդամենը կատարող է»,- ընդգծել է Իրանի հոգևոր առաջնորդը` շեշտելով, որ հատկապես Իրանի և արևմտյան երկրների միջև անկախ արտաքին քաղաքականություն վարելու գլխավոր դերակատարությանը վերապահված է հենց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, որի հասցեին Զարիֆի հայտարարությունները, ըստ Խամենեիի, զարմանք և ցավ են պատճառում։ Ալի Խամենեին հեռուստատեսային իր ուղերձում Զարիֆի անունը որևէ կերպ չի հիշատակել, փոխարենը շեշտել է, որ նրա հայտարարությունները համահունչ են ԱՄՆ-ի «թշնամական հայտարարություններին», ինչն անթույլատրելի է։
«Մենք չպետք է խոսենք այնպես, իբր չենք ընդունում երկրի քաղաքականությունը»,- հայտարարել է Իսլամական Հանրապետության առաջնորդը։
Իրանի ներքաղաքական խոհանոցը բացահայտող այդ հարցազրույցում, որն, ըստ երկրի դիվանագիտական գերատեսչության, հրապարակման ենթակա չէր, ամենաքննարկվող դրվագը թերևս անցյալ տարի Իրաքում ամերիկյան օդուժի կողմից սպանված գեներալ Քասեմ Սուլեյմանիի հասցեին Զարիֆի մեղադրանքներն են։ Ըստ իրանցի արտգործնախարարի` ազդեցիկ զինվորականը դեմ էր միջուկային գործարքին և փորձել է ռուսների հետ գաղտնի եղանակով տապալել Իրանի և Արևմուտքի հարաբերությունների բարելավումը:
Սկանդալային խոստովանություններով լի 3 ժամանոց ձայնագրության իսկությունը Իրանի արտգործնախարարությունը կասկածի տակ չէր դրել, միայն նշել էր, որ որոշ հայտարարություններ կտրված են կոնտեքստից։
Իրանի գլխավոր դատախազությունը արդեն քրեական գործ է հարուցել՝ հետաքննելու արտահոսքը, մինչ այդ իրանական կոշտ գծի կողմնակիցները Զարիֆին մեղադրել են դավաճանության և զրպարտության մեջ՝ պահանջելով նրա հրաժարականը։ Ընդդիմախոսները պնդում են, որ այդ հարզազրույցում բացահայտելով երկրի ներքին քաղաքականության առանձնահատկությունները` նախարարը վտանգել է Իրանի ազգային անվտանգությունը։ Նույնիսկ նախարարի թիմակիցներն են մտահոգություն հայտնել այդ հայտարարությունների կապակցությամբ, որոնք կարող են ազդել հունիսի վերջին նախատեսված նախագահական ընտրությունների ընթացքի վրա՝ վնասելով բարեփոխականների ճամբարի թեկնածուին, որն ասոցացվում է Զարիֆի հետ։
61-ամյա Զարիֆը, ով երկրի դիվանագիտական կառույցը ղեկավարում է 2013-ից, անցած շաբաթ արձագանքելով ներքաղաքական սկանդալին, ներողություն է հայցել Հեղափոխական գվարդիայի «Ալ-Քուդս» զորամիավորման հանգուցյալ հրամանատարի հասցեին արված մեկնաբանությունների համար` հույս հայտնելով, որ «Սուլեյմանիի ընտանիքը և Իրանի ժողովուրդը ներողամտաբար կարձագանքեն այդ վիճահարույց մեկնաբանություններին»: