Նախքան 2018-ի ապրիլի 22-ի հայտնի հանդիպումը, հրաժարականի որոշումն արդեն կայացված էր, հայտարարում է Սերժ Սարգսյանը

2018-ի ապրիլի 22-ին, երբ կայացավ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հայտնի հանդիպումը, հրաժարականի որոշումն արդեն կայացված էր՝ անկախ նրանից իրավիճակը մայրաքաղաքի փողոցներում կհանդարտվեր, թե՝ ոչ, ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախկին նախագահը, քանի որ իրեն անհնարին էր թվում այն առաքելությունը, որ պետք է կատարեր վարչապետի պաշտոնում։ Նույն մտավախությունը ունեին նաև թիմի մյուս անդամները։

«Ո՞րն էր այն գործողությունը, որ պետք է փողոցին բերեր հանդարտություն։ Շատ ակնհայտ պարզվեց չէ՞, որ այդ փողոցի շարժումը միայն իմ դեմ չէր, մեր իշխանության դեմ էր ամբողջական։ Հիշում եք չէ՞, որ դրանից հետո հնչեց, որ «եթե ես չդառնամ վարչապետ, ապա Հայաստանը վարչապետ չի ունենա», - ասաց Հայաստանի երրորդ նախագահը։

Ռեժիսորի ու Սերժ Սարգսյանի զրույցը հեռարձակվել է երեկ՝ «Արմնյուզ» հեռուստալիքով։ Մհեր Մկրտչյանի վերջին՝ «Իշխանություն» ֆիլմը, ըստ էության, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին օրերի մասին է։

Հարցին՝ թե ինչո՞ւ 2018-ի ընտրություններում Կարեն Կարապետյանին ի սկզբանե չեն առաջադրել վարչապետի պաշտոնում, այլ Սահմանադրության փոփոխության արդյունքում ինքը՝ Սերժ Սարգսյանը, գնալով պաշտոնավարման 3-րդ ժամկետի, առաջադրվեց ու ընտրվեց այդ պաշտոնում, հնչեց պատասխան՝ դեռ 2016-ին, երբ Կարեն Կարապետյանը ստանձնեց վարչապետի պարտականությունները, եղել է առաջարկ, որ այդ պաշտոնում սպասելիքներն արդարացնելու դեպքում կարող է դառնալ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը։ 2017-ի խորհրդարանական ընտրություններում ունեցած հաջողությունից հետո այս թեմայի շուրջ զրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև։

«Ասեցի՝ ես կարծում եմ, որ, եթե քեզ դա որևէ կերպ չի նեղացնի, մենք շարունակենք որոշակի ժամանակ՝ սահմանափակ ժամանակ, աշխատենք էսպես՝ ես վարչապետի պաշտոնում, դու՝ առաջին փոխվարչապետի պաշտոնում, էլի դու անմիջականորեն զբաղվելու ես տնտեսությամբ, քո խնդիրներով՝ նվազ միջամտությամբ, ինչպես եղել է, ես փորձեմ իմ ասած խնդիրները բերել այնպիսի ռելսերի վրա, որ հետո չունենանք մեծ պրոբլեմներ, նա ասաց՝ «միանշանակ էդպես ճիշտ է», - պատմեց երրորդ նախագահը։

Հայաստանը տասը տարի ղեկավարած Սերժ Սարգսյանի խոսքով՝ Կարեն Կարապետյանին եղել է առաջարկ, որոշ ժամանակ աշխատել որպես առաջին փոխվարչապետ, մինչև ինքը վարչապետի պաշտոնում Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացում կհասնի այնպիսի կետի, որ հետագայում խնդիրներ չեն առաջանա։ Կարեն Կարապետյանը տվել է իր համաձայնությունը։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա, Հանրապետական կուսակցության առաջնորդն ասում է՝ արվում էին քայլեր, որ ղարաբաղյան խնդիրը լուծվեր խաղաղ ճանապարհով, առանց պատերազմի, որ ԼՂ կարգավիճակի հարցը լուծվեր բնակիչների ազատ կամարտահյտությամբ, իսկ փոխարենը պատրաստ էին գնալ զիջումների՝ տալով 5 շրջանները։

«Եվ սրանք էլ օգտվելով էդ առիթից միշտ ասում էին՝«դե ինչ եք ասում, մեկ ա դրան Ադրբեջանը չէր համաձայնվի»։ Նախ կան հակամարտություններ, որոնք 2-3 անգամ ավելի երկար կյանք ունեն քան Ղարաբաղի խնդիրը, բանակցային պրոցեսը, և մենք ինչո՞ւ էինք այդպես համարում, որ այս ժամանակահատվածում չկարողացանք լուծել, բայց մենք գնում էինք ճիշտ ճանապարհով։ Եվ երկրորդ՝ ես համոզված էի և վստահ եմ մեր բանակցող թիմը՝ Էդուարդ Նալբանդյանի գլխավորությամբ, համոզված էր, որ Ադրբեջանի երբեք չէր համաձայնի։ Բա հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ինչո՞ւ էինք մենք էդ դեպքում բանակցում, որովհետև մեզ համար շատ կարևոր էր միջազգային հանրության կարծիքը, համանախագահների որոշումը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը, որովհետև պատմության մեջ ինքնորոշման գրեթե բոլոր հարցերը ուղեկցվել են պարտադրանքի էլեմենտով», - ասաց Սարգսյանը։

Մհեր Մկրտչյանի հետ զրույցում երրորդ նախագահն ընդունում է, որ իրենք էլ անթերի չեն աշխատել, տարբեր խնդիրների կողքին եղել է նաև կոռուպցիա, ինչը հիմա էլ կա։ Այսօր էլ թերությունները, ըստ նախկին նախագահի, շատ են՝ ծանոթ-բարեկամներին պետական պաշտոններում նշանակելուց մինչև կաշառակերություն։