Ծանր 2020-ից հետո Արարատի դաշտավայրում մեկնարկել է հողագործական նոր տարին։ Փակ սահմաններով ու պատերազմով տարվանից հետո գյուղացիները հույս ունեն, որ 2021-ն ավելի բարենպաստ կլինի. որոշները լավ բերք են սպասում, ոմանք էլ դժգոհում ցրատահարությունից։
Լոլիկ, բիբար ու սմբուկ մշակող Սիլվա Աղբալյանն առաջինների շարքից է. - «Առաջին օրն ա էսօր բերել դրել ենք, հիմա մշակենք, տեսնենք ոնց կլինի։ Աշխատողներ ենք բերել 6 հոգի, իրանց գումարն էլ կտանք կեթանք տուն»։
Արարատյան դաշտի իր հողակտորում աշխատող տիկին Սիլվան դժգոհություններ առանձնապես չունի. - «Չարչարվում եմ, անում եմ, լցակայանում եմ աշխատում՝ մաքրում եմ, հաց եմ թխում թոնրում, հարուստ կլինեմ էլի, ամեն ինչ անում եմ էլի, խի՞ սոված մնամ»։
Դաշտում առաջին աշխատանքային օրը հողագործ կինն ամփոփում է տնական օղիով ու կենացով. - «Ողջ լինեք, առողջ լինեք, աղջկեք ջան, շատ շնորհակալ եմ, ինչ դրել եք, մեկը հազար դառնա»։
Նույն մարզում մի քանի կիլոմետր հեռու 82-ամյա Ազատ Խաչատրյանի այգին է, նա հույս ունի՝ իր բերքն առատ կլինի, կորոնավիրուսն էլ իր աշխատանքը չի բարդացնի․ - «Ծիրանը լավ լինի, ճանապարհները բաց լինեն, կոլխոզնիկի ապրանքը գնահատող լինի, որ դուրս գանք աշխատենք որոշ չափով մեր էրեխեքին պահենք։ Անցած տարի բերք չի եղել, պատերազմ եղավ, էդքան կոտորած եղավ, դե գյուղացու վիճակը ո՞նց պետք ա լինի»։
Հեծանիվով այգի եկող-գնացող Ազատ պապն ասում է՝ լավ կլինի, եթե բերքը Հայաստանից արտահանելու հնարավորություն լինի. - «Եթե տանող լինի, փող կլինի, որ գյուղից ապրանքը դուրս չգա, փող որտեղի՞ց կլինի»։
Այգեգործ Տիգրան Աբրահամյանն էլ նշում է՝ անցած տարի կորոնավիրուսն ու պատերազմը խնդիրներ ստեղծեցին, այս տարի էլ եղանակային պայմանները այն չեն․ - «Էս տարի ցուրտ ա, անձրևն էկավ ծաղիկը թրջեց, հետո հետևից ցուրտը, էն չի բերքը, գյուղացին էլ բերքով ա, ամբողջ տարին հողագործության մեջ, տեսնենք ոնց կլինի»։
Անցած տարի կառավարությունը գյուղատնտեսներին աջակցելու մի շարք ծրագրեր իրականացրեց, Աբրահամյանը, սակայն, դրանցից օգտվելու համար չի դիմել․ - «Չէ, ես չեմ օգտվել, ես բոլորն իմ ուժերով եմ անում»։
Հողագործ Գևորգ Եղիազարյանը ծխախոտ, խաղող, դեղձ է մշակում, ավաղ, ծիրանն է քիչ, ասում է՝ ցրտահարվել է․ - «Ծիրանների վրա բերք չկա էս տարի, ցրտահարվել են, որպես դեկորատիվ ծառեր են էս տարվա համար, չկա ծիրան, էսքան ծառներ ունեմ, էսքանից որ մի 100 կիլո հավաքեմ, հրաշք կլինի»։