Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիների մոտ 5 տոկոսը Հայաստանից են

Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր, երթևեկության փաստաթուղթ և բնակության իրավունքի փաստաթուղթ:

2020 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիների գրեթե 100 տոկոսը նախկին խորհրդային հանրապետություններից են, ընդ որում նրանց մեծ մասը՝ Ուկրաինայից:

Այդ տվյալներն այսօր հրապարակել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը:

«Ռուսաստանյան քաղաքացիություն ստացած նախկին ԽՍՀՄ-ի ներկայացուցիչների թիվը մոտ 640 հազար է: Միտումը պայմանավորված է տարածքների հարևանությամբ, ընդհանուր պատմական անցյալով, լեզվական խոչընդոտի բացակայությամբ և հասկանալի մտածելակերպով»,- ասել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Ռուսաստանյան քաղաքացիություն ստացածների 10-ը տոկոսը Տաջիկստանից են, 7 տոկոսը՝ Ղազախստանից, 5 տոկոսը՝ Հայաստանից, 3,5-ական տոկոս են կազմել Ուզբեկստանի և Ադրբեջանի բնակիչները:

Ընդհանուր հաշվով՝ անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 656 հազար օտարերկրացի, ինչը մեկ-երրորդով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը: